ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Լեհաստանում է
06 Սեպտեմբերի 2026
Աշխատանքային այցի շրջանակում Զարեհ Սինանյանը մասնակցել է Լեհաստանի 5-րդ հայկական մշակութային փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը։
Հոբելյանական այս խոշոր մշակութային իրադարձությունն արդեն հինգերորդ անգամ անցկացվում է Լեհաստանի Հանրապետության կառավարության և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի անդամ, Լեհաստանում (Սիլեզիա) Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի նախաձեռնությամբ և անմիջական ջանքերով։
Տարիների ընթացքում փառատոնը դարձել է Լեհաստանում հայկական մշակույթի ներկայացման և հայ-լեհական մշակութային համագործակցության կարևորագույն հարթակներից մեկը։
Բացման արարողությանը ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես է եկել Զարեհ Սինանյանը։ Իր ելույթում Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել փառատոնի նշանակությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է լեհական հասարակությանը հայկական հարուստ մշակույթի, երաժշտության և ավանդույթների առավել լայն ճանաչմանը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հրաչյա Բոյաջյանին՝ հայապահպանության, համայնքային կյանքի զարգացման և հայ-լեհական մշակութային երկխոսության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հետևողական գործունեության համար։
Միջոցառմանը մասնակցել են Լեհաստանի խորհրդարանի անդամներ, նահանգային, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի, բիզնեսի և հասարակական ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի անդամներ։