Զարեհ Սինանյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի սենատոր Բոգդան Բորուսևիչի և Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան, սենատորի խորհրդական Եժի Մարեկ Նովակովսկու հետ
17 Հոկրեմբերի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի՝ արտագաղթի հարցերի և արտերկրում բնակվող լեհերի հետ կապերի հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոգդան Բորուսևիչի և Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան, սենատորի խորհրդական Եժի Մարեկ Նովակովսկու հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Լեհաստանի Սենատի համապատասխան հանձնաժողովի միջև համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Զարեհ Սինանյանը լեհ գործընկերներին ներկայացրել է Գրասենյակի կողմից իրականացվող հայրենադարձության խթանման և հայրենադարձների ինտեգրման ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանն ու բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները։
Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում նկատվում է հայրենադարձության աճ, իսկ վերջին տարիներին արձանագրվել է նաև միգրացիոն դրական հաշվեկշիռ՝ ի նպաստ ներգաղթի։
Անդրադառնալով հայրենադարձության աճին նպաստող գործոններին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է Հայաստանում իրականացված և շարունակվող բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով դրանց նշանակությունը երկրի ներդրումային գրավչության բարձրացման, տնտեսական զարգացման և Հայաստանում մշտական բնակություն հաստատելու համար բարենպաստ պայմանների ձևավորման տեսանկյունից։
Բոգդան Բորուսևիչը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Սենատորը ներկայացրել է արտերկրում բնակվող լեհերի հետ համագործակցության Լեհաստանի փորձը, պետական քաղաքականության հիմնական մոտեցումներն ու իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ սփյուռքի հետ աշխատանքի, հայրենադարձության և ինտեգրման ոլորտներում փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։