Զարեհ Սինանյանն ընդունել է Բրազիլիայի արդյունաբերության ազգային համադաշնության (CNI) և մի շարք այլ առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը
23 Նոյեմբերի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Բրազիլիայի արդյունաբերության ազգային համադաշնության (CNI) և մի շարք այլ առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու COP17 համաժողովին։
Հանդիպմանը մասնակցել են Բրազիլիայի արդյունաբերության ազգային համադաշնության քաղաքականության և արդյունաբերության հարցերով վերլուծաբան Ջեորջիա Սիլվա Ֆրանկոն, LIFE ինստիտուտի գործադիր տնօրեն Ռեժիանե Բորսատոն, Կայուն զարգացման բրազիլական գործարար խորհրդի (CEBDS) գործադիր տեխնիկական տնօրեն Ալեսանդրա Ֆաջարդոն, Բրազիլիայի գյուղատնտեսության և անասնապահության համադաշնության (CNA) տեխնիկական խորհրդական Ջանի Արլի Կուբասը և LIFE ինստիտուտի ինստիտուցիոնալ կապերի պատասխանատու Սեսիլիա Բրոզիգը։
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունն ու առաջնահերթությունները՝ մասնավորապես անդրադառնալով արդյունաբերության, գյուղատնտեսության, կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման ուղղություններով իրականացվող աշխատանքներին։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և սփյուռքի ներուժի ներգրավման հնարավորությունները։
Գլխավոր հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել, իր իրավասությունների և հնարավորությունների շրջանակում, աջակցելու պատվիրակության՝ Հայաստանում գործընկերներ գտնելու և համագործակցության հնարավոր ուղղություններն ուսումնասիրելու ջանքերին։
Հանդիպումը հնարավորություն է տվել քննարկելու նաև հայ-բրազիլական գործարար կապերի ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։