Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանի աշխատանքային այցը Նյու Յորք
11 Մարտի 2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն անցած շաբաթ աշխատանքային այցով գտնվում էր Նյու Յոքում՝ մասնակցելու Հայաստանում կանանց և աղջիկների կյանքի բարելավման ուղղությամբ գործունեություն ծավալող սփյուռքյան կազմակերպությունների հավաքին: Այն իրականացվեց մեր գրասենյակի հետ համագործակցությամբ, և մասնակցեցին 10-ից ավելի այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Հայ օգնության միությունը (ՀՕՄ), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Հայ կին» հանձնախումբը, Հայ կանանց միջազգային ասոցիացիան, Կանանց աջակցման կենտրոնը, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ն, Հովնանյան հիմնադրամը, ՄԱԿ-ի կանանց խորհուրդը, Կանանց կարգավիճակի կոմիտեն, Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը և այլն: Հավաքի շրջանակներում Սառա Անջարգոլյանը ներկայացրեց հանձնակատարի գրասենյակի աշխատանքն ու Հայաստան-սփյուռք գործակցությունը, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակիցներին միացավ տեսակապի միջոցով և խոսեց Հայաստանի գենդերային ռազմավարության մասին:
Այնուհետ տիկին Սառա Անջարգոլյանի ղեկավարությամբ հավաքի մասնակիցները կատարեցին քարտեզագրման վարժություն, որի ընթացքում ուրվագծվեցին կազմակերպությունների աշխատանքային ոլորտները, համընկնումները, սփյուռքի ջանքերը Հայաստանի կառավարության ռազմավարությանը ներդաշնակեցնելու հնարավորությունները:
Նյու Յորքում Սառա Անջարգոլյանը մասնակցեց նաև ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված «Կանայք ձևավորում են աշխարհը» համաժողովին, ղեկավարեց հայաստանյան կյանքին սփյուռքի ներգրավվածության ընդլայնմանն ուղղված աշխատանքային խմբի ընթացքը: Թուֆենկյան գորգերի ցուցասրահում «Մեկ Հայաստան» ՀԿ-ի գրքի շնորհանեսին նա նաև հանդես եկավ բացման խոսքով: