Մեր հայրենադարձները. Անահիտ Ակկամ
24 Մարտի 2020
Երբ անցած գարնանը Անահիտ Ակկամը միացավ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքներին, չէր էլ կարող պատկերացնել, որ ընդամենը մեկ տարի անց աշխատելու է աշխարհի առողջապահական ամենամեծ ճգնաժամերից մեկի հետաբեմում:
Անահիտը կամ պարզապես Անին, Հայաստան է տեղափոխվել Արաբական Միացյալ Էմիրություններից 2008-ին, ապա Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ստացել է անգլերենի մասնագետի և լրագրողի որակավորում: Նա ցանկանում է իր կարիերան ծավալել հենց հանրային առողջապահության ոլորտում, որովհետև այնտեղ «նոր բաներ սովորելու հնարավորությունը շատ մեծ է»: Վերջին մի քանի շաբաթներն դա ապացուցեցին՝ ավելի, քան երբևէ:
Չնայած աշխարհը պատած քաոսին և հուսահատությանը՝ Անին վստահ է, որ Հայաստանը Կորոնավիրսին հաղթահարելու է: Նա ինչպես Առողջապահության նախարարության ամբողջ անձնակազմը վերջին օրերին հրաժարվել են սովորական 9-ից 6-ը աշխատանքային գրաֆիկից և անցել շուրջօրյա ռեժիմի: «Մենք միշտ էլ միասնական ենք եղել, բայց հիմա դա ակնհայտ է ավելի քան երբեք: Մեզնից յուրաքանչյուրն իր առաջադրանքն ունի, բայց մենք անընդհատ աջակցում ենք իրար ավելի արագ և արդյունավետ աշխատելու համար: Յուրաքանչյուրս մեր անձնական ժամանակն ենք ներդնում»: Հպարտանալով իր գործնկերների աշխատանքով` նա նշում է, որ չի կարող չհպարտանալ նաև բնակչության ուժգին արձագանքով, և օրինակ է բերում այն փաստը, որ կամավորների հավաքագրման մասին հայտարարությունը տարածելուց մի քանի ժամ հետո գրանցվեց 2000 հայտ:
Պատասխանելով այն հարցին, թե որն է այս պարագայում պաշտպանվելու ամենալավ միջոցը, Անին վստահեցնում է, որ ամենակարևորը պետք չէ խուճապի մատնվել, պարզապես զգոն լինել և հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Առողջապահության նախարարության ինքնամեկուսացման ուղեցույցին: Լավագույն պաշտպանությունը հաստատուն իմանալն է, որ դուք և ձեր հարազատները քաջատեղյակ եք և ձեռնարկել եք անվտանգության համապատասխան միջոցները։
Ի սկզբանե իր ֆեյսբուքյան հումորային մեմերով հայտնի Անին Կորոնավիրուսին ևս հումորով էր վերաբերվում: «Առաջին մեմերն այն մասին էին, թե որքան ծիծաղաշարժ է Կորոնավիրուսը: Հետո մեմերը դարձան «զոմբի ապոկալիպսիսի» և «աշխարհի վերջի» մասին: Հիմա, երբ մարդիկ այս իրավիճակն ավելի լուրջ են ընկալում, մեմերը դարձել են հետաքրքիր միջոց ԱՀԿ-ի ուղեցույցերը ներկայացնելու համար, երբ մարդիկ դեռ ինքնամեկուսացման մեջ են:
Ինչպես Անին է ասում, «սա միակ իրավիճակն է, երբ մենք կարող ենք աշխարհը փրկել՝ տանը գիշերազգեստով նստած»: Եկեք յուրաքանչյուրս անենք մեզ հասանելիք մասը: