Մեր հայրենադարձները. Անաիս և Նաիրի Զադիկյաններ
16 Մայիսի 2020
«Ե՞րբ գիտակցեցիք, որ ցանկանում եք տեղափոխվել Հայաստան»: Այս հարցը շատերն են տվել Սան Պաուլոյում ծնված Անաիս և Նաիրի Զադիկյաններին, սակայն քույրերի համար այն երբեք էական նշանակություն չի ունեցել: Նույնսիսկ հեռվից նրանք Հայաստանը համարել են իրենց տունը: Տեղափոխությունը ժամանակի խնդիր էր և պայմանավորված չէր «եթե»-ներով:
Քույրերն իրենց մյուս քրոջ՝ Անիի հետ, երկրորդ սերնդի հայրենադարձներ են, ովքեր հետևեցին իրենց պապերի օրինակին, որ դեռևս Խորհդային Հայաստան էին եկել Լիբանանից և Հունաստանից: Նոր միջավայրին ինտեգրումը, ասել է թե՝ «լինել հայ Հայաստանում», ժամանակատար էր: Ամեն բան նոր էր այնքանով, որքանով ծանոթ էր:
Անաիսը վերհիշում է այն խոսքերը, որոնք հայրն ասաց իրենց հայրենիք տեղափոխվելուց առաջ. «Երբ դու ինքդ լավն ես Հայաստանի համար, Հայաստանը լավը կդառնա քեզ համար»: Չնայած սենտիմենտալ էր հնչում, սակայն այդ տրամադրվածությունը գոտեպնդեց:
Գրաֆիկական դիզայն ուսանելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ նա ոգեշնչվեց իր հասակակիցներից ստացած էներգիայով ու հուսավառությամբ:
Ճարտարագետ Նաիրիի համար պարադիգմային ամենամեծ փոփոխությունն այն գիտակցումն էր, որ «դու կարող ես շատ բան անել Հայաստանի համար, և նա կարող է ավելին վերադարձնել քեզ»: Այս միտքն առավել արմատավորվեց այն ժամանակ, երբ մեկ ամիս Բրազիլիայում հյուրընկալվեց ընկերների ընտանիքներում: Վերադառնալով աշխատանքի՝ նրա գործընկերները երկմտանքի մեջ էին, թե ինչու նա պետք է հետ վարադառնար «դրախտից»: «Նրանք մտածում են, որ այս երկիրը երբեք չի դառնա բնակության համար լավ երկիր, սակայն ես Բրազիլիայում չգտա իմ էությունը, հոգին: Երբ ես այստեղ եմ, զգում եմ, որ ամեն բան իմն է»:
Չնայած լավին ու վատին՝ Նաիրին համերաշխության եզրեր է գտնում բոլոր նրանց հետ, ովքեր աշխատում են հանուն երկրի բարօրության, և սա ավելի մեծ թափ է ստանում կորոնավիրուսային համավարակի ընթացքում: Ներդնելով բոլոր ջանքերը զբաղվածությունն ու կյանքի բալանսը պահպանելու համար՝ քույրերը բոլորի պես կարանտինային պայմաններում ստիպված են բաց թողնել երևանյան թարմ օդը, գեղեցիկ փողոցներն ու հարմարավետ սրճարանները: Չնայած սահմանափակումների մի մասը մեղմացվել է, նրանք որոշել են մնալ մեկուսացած և անել հնարավորը վարակի տարածումը կանխելու համար: