Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը

23 Հունիսի 2020

Հունիսի 23-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Առաքելության խմբի անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի կոչեց ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ:

«Ֆրանսիայից արդեն բժիշկների 2-րդ խումբն է, որ մեր գրասենյակի անմիջական ներգրավվածությամբ գալիս է Հայաստան: Ուրախ ենք, որ այս խմբում երկու հայ բժիշկ ունենք. խմբի ղեկավարն է հանրահայտ ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը, և ռեանիմատոլոգներից մեկն էլ Հայկ Վարդանյանն է: Այսպիսով՝ նման նախաձեռնություններից անմասն չեն մնում նաև սփյուռքի մեր մասնագետները»,-նշեց Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ բանակցություններ են տարվում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և այլ երկրների հայ բժիշկների հետ նրանց Հայաստանում նման առաքելությունների ներգրավելու համար:

«Մեր տեղացի բժիշկները շատ սրտաբաց ընդունեցին իրենց օտարերկրացի գործընկերներին, և նախորդ խմբի արդյունքներն ամոփոփելով՝ կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ համագործակցություն է ստացվել: Մենք պետք է շարունականությունն ապահովենք: Այսօր այս խումբը կհանդիպի նախորդ խմբին, և նրանք կփոխանցեն իրենց տպավորությունները, փորձառությունը: Շատ ջանքեր են ներդրվում, որ նման առաքելոււթյունները հնարավոր դառնան»,-ընդգծեց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Փարիզի և Մարսելի լավագույն բուժհաստատություններից 9 բժիշկներ իրենց առաքելությունը կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office