Հանդիպում համայնքային կազմակերպություններ և կամավորական խմբերի հետ
11 Օգոստոսի 2020
Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ այցելել համայնքային կազմակերպություններ և կամավորական խմբերի, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են լիբանանահայության հետ և օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո համայնքին ծառայելու առաջնագծում են:
Կարագյոզյան հիմնադրամի՝ Բուրջ Համուդում գտնվող բժշկական կենտրոնում հայ համայնքին մատուցվում է բժշկական և ատամնաբուժական ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև սոցիալական աջակցության բազմակողմանի ծրագիր: Կենտրոնի տնօրեն Սերոբ Օհանյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը շրջայց կատարեց և քննարկում ունեցավ սոցիալական աշխատակիցների հետ:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց նաև Լիբանանահայ օգնության խաչ (ԼՕԽ), շրջեց բժշկական հաստատությունում, կլոր սեղան քննարկում ունեցավ ներկայացուցիչների և բուժաշխատողների հետ, որոնք կիսվեցին իրենց փորձառությամբ, պատմեցին համայնքին մատուցվող ծառայությունների մասին:
Հաջորդ հանդիպումը ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների խմբի և աղետների արձագանքման բաժնի հետ էր, որն ամենօրյա ռեժիմով կատարում է հարյուրավոր տնային այցելություններ և կարիքների գնահատում:
Վերջին կանգառը Ազգային միացյալ վարժարանն էր, որտեղ ևս տեղի ունեցավ հանդիպում և ծանոթացում կրած վնասներին: