Նոր հնարավորություն Սփյուռքի և Հայաստանի ստարթափների համար
21 Օգոստոսի 2020
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, GIZ իրավական գլոբալ ծրագիրը և Իմփաքթ Հաբ Երևանը համատեղ մեկնարկում են բոլորովին նոր միջազգային պիլոտային ծրագիր՝ GovTech Launchpad-ը: Այն բացառիկ է իր ձևաչափով՝ նպատակ ունենալով ստարթափների և հանրային սեկտորի միջև համագործակցությամբ նորարական լուծումներ ստեղծել վերջինիս խնդիրների համար։
Ծրագրի շրջանակներում նորարական ստարթափները պետք է առաջարկեն տեխնոլոգիական այնպիսի լուծումներ, որոնք կաջակցեն Հայաստան վերադառնալ ցանկացող սփյուռքահայերին կամ արդեն իսկ հայրենադարձված անձանց: GovTech Launchpad-ը բաց է Հայաստանում և աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարթափների համար: Մասնակից թիմերը պետք է ունենան նորարական լուծումների ծրագրավորման համապատասխան փորձ, վստահություն, որ իրենց գաղափարները կօգնեն սփյուռքահայերին, և պատրաստակամություն Հայաստան տեղափոխվելու համար:
Ընտրված 4 թիմերից յուրաքանչյուրը կստանա ֆինանասական աջակցություն իրենց արտադրանքը զարգացնելու նպատակով: Ծրագիրը կունենա նաև 2-րդ փուլ:
Մրցանակային պարգևից բացի՝ նախագիծը առաջարկում է Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգը, որն իր մեջ ներառում է անհատական մասնագիտական խորհրդատվություն, մենթորություն, անդամակցություն, 250+ ստեղծարար և նորարական անդամների մասնակցությամբ միջոցառումներ, դասընթացներ, կապ 100+ Իմփաքթ Հաբերի հետ ողջ աշխարհում, ուսումնական ծրագիր, որն իր մեջ ներառելու է թրեյնինգներ և դասընթացներ GovTech ոլորտի, բիզնեսի, տեխնոլոգիաների և նորարարության մասին և բազում այլ հնարավորություններ, որոնք կաջակցեն զարգացնել ստարթափների գաղափարները և պրակտիկ լուծումներ տալ դրանք իրագործելու համար։
Վերջնարդյունքում՝ մասնակիցները հնարավորություն կունենան կերտել նոր լուծումներ
Հայաստանի կառավարության, սփյուռքահայության և հայրենադարձների համար, պահպանել իրենց արտադրանքի մտավոր սեփականության իրավունքը և ստանալ միջազգային հարթակում այն տարածելու հնարավություն, հաստատել երկարաժամկետ համագործակցություն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:
Ծրագրին դիմելու համար պետք է այցելել հղմամբ՝ https://bit.ly/3kRUpua: Դիմումների վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը՝ ժամը 23:59։