Այս պատերազմը կառավարվում է Թուրքիայի կողմից . օր 4-րդ
30 Սեպտեմբերի 2020
Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:
Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:
Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
Թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։
Այս պահին մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ։
Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են: