Մեկնարկեց միացյալ հայկական կազմակերպությունների (the United AIO) առաջին համաժողովը՝ «Կառուցենք Հայաստանը միասին. Իմաստուն և ուժեղ» խորագրով
08 Հունիսի 2021
Հունիսի 5-ին մեկնարկեց միացյալ հայկական կազմակերպությունների (the United AIO) առաջին համաժողովը՝ «Կառուցենք Հայաստանը միասին. Իմաստուն և ուժեղ» խորագրով։
Հայաստանի Հանրապետության կարևորագույն պահանջերը բավարարելու նպատակով համաժողովը համախմբեց Սփյուռքի ավելի քան 20 հայկական կազմակերպությունների՝ ներկայում և ապագայում Սփյուռքի հետ փոխհամագործակցության նոր մոդելի ստեղծման և նախագծերի իրականացման նոր միջոցների որոնման համար:
ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Այնջարգոլյանը վարեց «Մարտահրավեր. Մտածեք այլ կերպ / Աշխատեք միասին / Շտապ գործեք» խորագրով համաժողովը։ Քննարկումը կենտրոնացած էր որոշ կարևոր հարցերի շուրջ․ ինչու՞ Սփյուռքի կազմակերպությունները միավորվեցին հենց հիմա, ի՞նչ խնդիրներ են դրված համագործակցության ճանապարհին և ի՞նչպես կարող են Սփյուռքի կազմակերպությունները հաղթահարել այդ խնդիրները, ի՞նչ փոփոխություններ է ակնկալում յուրաքանչյուրը սփյուռքյան կազմակերպությունների մոտեցումներում և վարքագծում, ի՞նչպես կարելի է փոխկապակցվածություն չունեցող հայերին ներգրավել Սփյուռքի հետ գործակցության հիմնական ուղղություններում:
Տիկին Այնջարգոլյանի կողքին, բանախոսների շարքում էին նաև Հայաստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Լյուսի Վարպետյանը, «ԱՐՓԱ ՀԻՄՆԱՐԿ» բարեգործական ընկերության նախագահ Հակոբ Փանոսյանը, Սերժ Էյվազյանը՝ «Հայոց Արծիվներ» հիմնադրամից, Համահայկական ուսանողական ասոցիացիայի նախագահ Վահե Հարությունյանը, «Զորավիկ» ակտիվիստական խմբի համակարգող կոմիտեի անդամ Լիզա Գյուլեսերյանը և «Խաղաղություն հայերի համար» Հիմնադրամի նախագահ Աննա Սարգսյանը։