«Քայլ դեպի տուն»-ցիներն անմոռանալի օրեր են անցկացնում հայրենիքում
01 Հուլիսի 2021
Մեր գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագրի առաջին փուլի մասնակիցներն այցելեցին մի շարք կրթական հաստատություններ՝ ԹՈՒՄՈ, «Այբ» դպրոց և Հայաստանի ամերիկյան համալսարան:
Մասնակիցներն այցելեցին Հայաստանի անկրկնելի ինքնազարգացման անվճար կենտրոններից մեկը՝ Թումո, և ծանոթացան կենտրոնի առօրյային, դասընթացներին և ծրագրերին, ներառյալ՝ անիմացիայի, երաժշտության, ֆիլմարտադրության, ծրագրավորման և այլ դասերին:
«ՊիկսԱրտ» IT ընկերություն այցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց աշխարհի ամենաստեղծագործ հավելվածներից մեկի աշխատանքն ու հայաստանյան մասնաճյուղի գործունեության ուղղությունները:
Թումոյից հետո ծրագրի մասնակիցներն այցելեցին «Այբ» դպրոց, որը ծառայում է որպես 21-րդ դարի հայկական կրթության մոդել՝ կրթելով գրագետ և ազնիվ սերունդ, որը հպարտ է իր կրթությամբ և ունի պատասխանատվության ուժեղ զգացում:
«Քայլ դեպի տուն»-ցիներն այցելեցին Հայաստանի ամերիկյան համալսարան, որտեղ նրանց ներկայացվեցին ինչպես Ամերիկյան հալասարանի, այնպես էլ Հայ-ռուսական և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների կրթական հնարավորությունները:
«Քայլ դեպի տուն» ծրագրի երկրորդ շաբաթասկզբին մասնակիցներն այցելեցին Տավուշի մարզում գտնվող Հաղարծինի վանական համալիր, որը հիմնվել է 13-րդ դարում: Այնուհետ սփյուռքահայ պատանիներն այց ունեցան Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, որը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո:
Մասնակիցները եղան Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, այնուհետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
«Քայլ դեպի տուն» ծրագրի 10-րդ օրվա ընթացքում մասնակիցներն այցելեցին Սևանավանք, այնուհետ մեկնեցին Լոռու մարզ՝ Դսեղ գյուղում շրջայց ունենալով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրից հետո սփյուռքահայ երիտասարդները եղան ՔՈԱՖ սմարթ կենտրոնում:
«Քայլ դեպի տուն»-ցիներն այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որտեղ ծանոթացան ապագա սպաների առօրյային: Օրվա ավարտին մասնակիցները եղան Եռաբլուրում, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսների հիշատակին: