Եվս 50 սփյուռքահայ մասնագետներ միացան ՀՀ կառավարության աշխատանքներին

06 Սեպտեմբերի 2021

20 երկրներից ևս 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ է միանում ՀՀ կառավարության աշխատանքներին: Մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» 2021 ծրագիրը, որն արդեն երկրորդ տարին հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետների ժամանել Հայաստան և աշխատանքի անցնել պետական կառավարման համակարգում: Այսօր ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանը նոր «իԳործ»-ականներին ներկայացրեց այն գորտեսչություններին, որտեղ նրանք աշխատելու են:

Ամերիկահայ փորձառու մասնագետ Մարինա Ներսեսյանը (Բոստոնի համալսարան) և սիրիահայ Հակոբ Մակդիսը (Հալեպի համալսարան) աշխատանքի անցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կներկայացվեն էստոնահայ Ալինա Օվանեսսոն (Տարտուի համալսարան) և ռուսաստանահայ Արևիկ Մարգարյանը (ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիա):

Հայաստանի կենտրոնական բանկի աշխատակազմին միացան ամերիկահայ Վահե Ավագյանը (Կոլումբիայի համալսարան) և ռուսաստանահայ Արգիշտի Գինոյանը (ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիա):

Ողջ սեպտեմբերի ընթացքում մասնագետները կժամանեն և կմիանան պետական համակարգի շուրջ 20 մարմինների աշխատանքներին: Մասնագետները մեկ տարի կաշխատեն այդ գերատեսչություններում՝ իրականացնելով ծրագրեր, մշակելով ռազմավարություններ և նոր գաղափարներ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office