Գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Բելառուսում է
25 Հունվարի 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում։ Այցի շրջանակներում առաջին հանդիպումը Բելառուսի հայ համայնքի երիտասարդության ներկայացուցիչների հետ էր։
Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները և ընթացիկ ծրագրերը։ Առարկայորեն քննարկվեցին տարբեր ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում հայկական սփյուռքի ներգրավման և, մասնավորապես, երիտասարդ մասնագետների ներուժի լավագույնս օգտագործման հնարավորությունները։
Հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման համատեքստում կարևորվեց հայ համայնքի կամրջող դերը ինչպես հայ և բելառուս բարեկամ ժողովուրդների միջև հումանիտար շփումների ընդլայնման, այնպես էլ Հայաստան-Սփյուռք սերտ փոխգործակցության շարունակական ապահովման տեսանկյունից։
Հանդիպմանը ներկա էր Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը: