Արցախում անցկացվեց քաղհասարակության էքսպո
23 Մայիսի 2022
Մայիսի 21-22-ը Ստեփանակերտի «Հաբ Արցախ» կազմակերպությունում անցկացվեց Արցախի քաղաքացիական հասարակության էքսպոն, որին մասնակցում էին կառավարության ներկայացուցիչներ, քաղհասարակության և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Հաբ Արցախն» առաջին քովորքինգն է Արցախում, որը համատեղ աշխատելու տարածք է տրամադրում մոտիվացված անհատներին և խմբերին՝ ստեղծելով նորարարությամբ զբաղվող մարդկանց համայնք նեթվորքինգի և միջոցառումների շնորհիվ: Այն հիմնադրել է Արցախի նախագահի սփյուռքահայ խորհրդական Վահե Քեուշգուերյանը, իսկ գործադիր տնօրենը մեր գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանավարտ, լիբանանահայ Շուշան Քէշիշեանն է:
Մեր գրասենյակի մեդիա պատասխանատու Ամալյա Կարապետյանը «Արցախը և սփյուռքը» քննարկման ընթացքում խոսեց Արցախի զարգացման և ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում սփյուռքի ներուժի, մասնավորապես՝ սփյուռքի մասնագիտական, գիտական ռեսուրսների ներգրավման մասին: «Մեր գրեթե բոլոր ծրագրերում Արցախն ընդգրկված է: Ուրախ ենք, որ գնալով ավելի շատ սփյուռքահայ մասնագետներ են «իԳործ» ծրագրով դիմում Արցախի պետական համակարգում աշխատելու համար: Սփյուռքի մեր երիտասարդ 20 դեսպանները ևս ակտիվ կապ են պահպանում Արցախի երիտասարդության հետ: Արցախի վերաբերյալ մեծ քննարկում է լինելու նաև այս տարի կայանալիք Համահայկական գագաթնաժողովի ընթացքում»,-նշեց Ամալյա Կարապետյանը:
Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցան նաև Repat Armenia հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը և Արցախի պետնախարարի օգնական, «իԳործ»-ական Յակոբ Իփճեանը:
Երկօրյա էքսպոյի ընթացքում պանելային քննարկումներ եղան նաև ֆոնդհայթաթման, կառավարության, երիտասարդության և քաղհասարակության կապի վերաբերյալ, անցկացվեց փիչինգի մրցույթ: