Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպումներ ունեցան տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ
11 Հոկրեմբերի 2022
Գործարար Րաֆֆի Քասարջյանի հետ հանդիպմանը երիտասարդ դեսպանները ծանոթացան Հայաստանի բիզնես միջավայրին և սփյուռքահայերի բիզնես հնարավորություններին։
«Grow edutainment» ընկերության համահիմնադիր, միջազգային որակավորում ունեցող ՄՌԿ մասնագետ Անուշ Մանուչարյանի հետ հանդիպումը նրանց հնարավորություն տվեց բացահայտելու իրենց ուժեղ կողմերը և թե ինչպես դրանք կարող են ներդվել կառավարման գործընթացում:
Այս առումով հետաքրքիր էր նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես հաղորդակցության պրոֆեսոր, Հայաստանում TEDxYerevan կոնֆերանսի հիմնադիր Քրիստինե Սարգսյանի «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքի մի շարք դրույթների քննարկումը հեղինակի հետ, որը ևս միտված էր մասնակիցների ռեսուրսների վերհանմանն ու դրանց ճանաչողությանը:
Ծրագրի շրջանակներում շեշտադրված է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների միմյանց ճանաչելու, նոր կապեր հաստատելու նպատակը:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY) հասարակական կազմակերպության ղեկավար Գրիգոր Երիցյանի և կազմակերպության ներկայացուցիչների հետ գործնական հանդիպմանը երիտասարդ դեսպանները ոչ միայն նոր ծանոթություններ ձեռք բերեցին, այլև միասնաբար քննարկեցին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների միջև համագործակցության ընդլայնման և փոխադարձ համագործակցության հնարավորությունները։
Երեկոյան «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպվեց պարի բաց դաս «Դեպի Հայք» հիմնադրամի, Համահայկական կամավորական միության կամավորների և երիտասարդ դեսպանների համար, որը վարեց «Կարին» հայ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա խոսեց հայկական պարերի ծագումնաբանության, դրանց տեսակների և նշանակության մասին: Հանդիպումն ավարտվեց մի քանի ազգային պարերի ուսուցմամբ: