Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպեցին պետական այրերի հետ
12 Հոկրեմբերի 2022

Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ, ով ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերը, ինչպես նաև անդրադարձ կատարեց տարածաշրջանային զարգացումներին, հեռանկարներին և մի շարք այլ հարցերի:
Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանի հետ հանդիպմանը երիտասարդ դեսպանները հնարավորություն ունեցան տեղեկանալու Հայաստանի քաղաքական վերջին զարգացումներին, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ առցանց հանդիպմանը՝ Արցախին առնչվող մի շարք հարցերի:
Մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Մասնակիցների համար առանձնահատուկ նշանակություն ուներ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելությունը: Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանի կողմից անցկացվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին մեր հերոսացած տղաների շիրիմներին: