Ինչ կարող է անել սփյուռքը

15 Դեկտեմբերի 2022

Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,

Արցախի 120 հազար բնակչությունը կանգած է Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի առջև:

2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանն արգելափակել է բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում՝ կաթվածահար անելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչության բնականոն կյանքը, Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և առաջացրել շրջափակում և հումանիտար-տնտեսական աղետ: Սա Արցախը հայաթափելու, խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մեկուսացնելու և էթնիկ բնաջնջման ենթարկելու քաղաքականության շարունակությունն է:

Արցախահայությունը և Արցախում գործող կարևորագույն ենթակառուցվածքները զրկված են գազից և ջեռուցումից, սննդի, դեղորայքի, կենսական անհարժեշտության այլ պարագաների մատակարարումից: 1100 խաղաղ բնակիչներ ձմռան ցրտին մնացել են ճանապարհին, որից 270-ը երեխաներ են: Նրանց մոտ առաջ են եկել ջրի, սննդի և բժշկական օգնության հասանելիության լուրջ խնդիրներ:

Հիվանդանոցներում բուժօգնություն ստացող և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բուժառուների կյանքին վտանգ է սպառնում: Նրանց հնարավոր չէ տեղափոխել Երևան:

Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից:

Միևնույն ժամանակ, հայկական ԶԼՄ-ները Լաչինի միջանցքի փակ հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն: Ադրբեջանը փորձում է իրականացնել նաև տեղեկատվական ահաբեկչություն:

Այս օրհասական իրավիճակում սփյուռքի մեր հայրենակիցներին, կառույցներին և կազմակերպություններին, լոբբիստական խմբերին, երիտասարդական միավորումներին կոչ ենք անում.

  • Արտահայտել իրենց բողոքի ձայնը տարբեր ձևաչափերով և հարթակներում
  • Նամակներ, հեռախոսազանգեր ուղղել և տեղեկացնել ընտրյալ պաշտոնյաներին՝ պահանջելով Ադրբեջանի ոճրագործությունների վերաբերյալ նրանց հանրային դատապարտումը
  • Բնակության երկրների իշխանություններից պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելով 21-րդ դարում ցեղասպանության իրագործումը
  • Աշխատել միջազգային մեդիաների և նրանցում աշխատող հայազգի լրագրողների հետ
  • Ակտիվ լինել բոլոր սոցիալական հարթակներում՝ տարածելով Ադրբեջանի կողմից միջազգային մի շարք իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը
  • Կիրառել բողոքի բոլոր այն գործիքակազմերը, որոնք նախկինում ձեր բնակության երկրներում արդյունավետ են գործել
  • Կանգնել Արցախի և արցախահայության կողքին
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office