Ձեռներեցություն
Բովանդակություն
- Ձեռներեցություն
- Անհատ ձեռնարկատեր
- Իրավաբանական անձ
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
- Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն (ԼՊԸ)
- Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)
- Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)
- Լիակատար ընկերակցություն
- Ոչ առևտրային կազմակերություններ
- Ազատ տնտեսական գոտիներ
- Միջազգային համագործակցություն
Ձեռներեցություն
ՀՀ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:
Ձեռնարկատիրական գործունեությամբ կարող են զբաղվել՝
- ՀՀ քաղաքացիները
- փախստականները
- օտարերկրացիները
- քաղաքացիություն չունեցող անձիք (եթե, նրանց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված օրենքով)։
Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար Դուք պետք է գրանցվեք ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում որպես իրավաբանական անձ կամ հաշվառվեք որպես անհատ ձեռնարկատեր:
(Լրացուցիչ տեղեկությանների համար կարող եք դիմել՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, հեռ։+374-10-201445, հասցե` Երևան 0051, Կոմիտաս 49/3, 9-րդ հարկ)։
Անհատ ձեռնարկատեր
Անհատ ձեռնարկատեր հաշվառվելիս Դուք իրավունք կունենաք առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, Ձեր անունից և Ձեր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը կլինի գույքը օգտագործելուց, ապրանքները վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:
Իրավաբանական անձ
Իրավաբանական անձը իր գործունեությամբ կարող է լինել՝
- շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպություն,
- շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություն:
Իրավաբանական անձի պետական գրանցման համար Դուք գործակալություն է ներկայացնում`
- դիմում.
- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
- մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում՝ հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը.
- իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի կողմից.
- տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
- ֆիրմային անվանման գրանցման հայտ (Ֆիրմային անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անմիջապես):
Եթե իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկյա ֆիզիկական անձ է, ապա վերը նշված փաստաթղթերից բացի ներկայացվում է նաև տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ հայերեն թարգմանված, որը պետք է հաստատված լինի նոտարական կարգով:
Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար գործակալություն ներկայացվող դիմումը պետք է բովանդակի`
- դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը).
- դիմող ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի (ID) տվյալները, բնակության կամ հաշվառման հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը.
- նշում, որ դիմումը ներկայացվում է գործակալություն.
- ներկայացվող պահանջը.
- դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
- դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
- դիմող ֆիզիկական անձի ստորագրությունը կամ դիմող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ լիազորված անձի ստորագրությունը:
Կարող եք գրանցվել նաև էլեկրոնային հարթակի միջոցով՝ www.e-register.am: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում է դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում է էլեկտրոնային ստորագրության միջոցով:
Դուք կարող եք ընտրել նաև իրավաբանական անձի տեսակը՝
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կարող է հիմնադրվել մեկ կամ մի քանի անձանց կողմից։ Այդ ընկերության կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
Դա ամենատարածված ընկերության տեսակն է։
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն (ԼՊԸ)
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը կարող է հիմնադրվել մեկ մեկ կամ մի քանի անձանց կամ մի քանի անձանց կողմից, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժինների: Այսինքն` նույնը, ինչ նախատեսված է նաև ՍՊԸ-ի համար: Տարբերությունը կայանում է նրանում, որ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:
Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)
Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: ԲԲԸ-ի դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և օտարման հարցում:
Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)
Փակ բաժնետիրական է համարվում այնպիսի ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:
Լիակատար ընկերակցություն
Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները /լիակատար ընկերներ/, կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և/կամ իրավաբանական անձինք, ինչը դժվարացնում է այս իրավաբանական անձի ստեղծումը:
Այս տեսակը լայն տարածում չունի։
Ոչ առևտրային կազմակերություններ
Կան նաև ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ և այլն: Յուրաքանչյուր կազմակերպա-իրավական տեսակ ունի ընդհանուր և հատուկ կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ պայմանավորված իր հիմնադրման և գործունեության առանձնահատկություններով:
Ազատ տնտեսական գոտիներ
Ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ), առավել հայտնի որպես ազատ տնտեսական տարածքներ կամ ազատ գոտիներ, այն տարածաշրջաններն են, որոնք նախատեսված են տնտեսական գործունեության համար և հարկվում են այլ կերպ: Նրանք կա՛մ ընդհանրապես ազատված են հարկային բեռից, կա՛մ վճարում են հարկերի չնչին մասը՝ զարգացնելով տնտեսական ակտիվությունը: Կախված արտահանման երկրից՝ յուրաքանչյուր պետություն ունի ազատ տնտեսական գոտիների իր կանոնները:
Հայաստանի ազատ տնտեսական գոտիները ներառում են.
- «Ալյանս»-ը (բարձր տեխնոլոգիաների և դեղագործության համար) Երևանում,
- «Մերիդիան»-ը (ոսկերչություն և ժամագործություն) Երևանում,
- «Մեղրի»-ն (Իրանի հետ համագործակցության համար՝ ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվելով իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտուց)։
Ներդրողն ազատ տնտեսական գոտու շահագործող կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում-թույլտվությունը ստանալուց հետո, որի համար հիմք են ընդունվում դիմումը, բիզնես նախագիծը և ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանքը: Գործընթացը կարող է տևել մինչև 4 ամիս: ԱՏԳ-ների մասին առավել մանրամասն կարող եք իմանալ՝ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://mineconomy.am/en/page/360:
(Լրացուցիչ տեղեկությանների համար կարող եք դիմել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչություն.hեռ.՝ (+374 11) 597 136 Թեմայի վերաբերյալ իմացեք ավելին՝ այցելելով հղմամբ https://mineconomy.am/page/86:
Միջազգային համագործակցություն
Ներկայումս Հայաստանը համագործակցության լայն հեռանկարներ ունի Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի հետ: Որպես Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ՝ Հայաստանն ազատ մուտք ունի Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս: Ազատ առևտրի համաձայնագրեր են առկա Ուկրաինայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Վրաստանի հետ:
Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ անդամ միակ պետությունը, որն օգտվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+)՝ հնարավորություն տալով հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
GSP ռեժիմն առկա նաև ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ: