Ավստրալիա
Ավստրալիայում հայերը հաստատվել են 1850-ական թվականներից` տեղափոխվելով հիմնականում Արևմտյան Հայաստանից, Հնդկաստանից, Հարավարևելյան Ասիայի այլ երկրներից:
1918-ին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փոքրաթիվ հայ գաղթականներ, մասնավորապես՝ բարեգործական կազմակերպությունների միջոցով, ապաստանել են Ավստրալիայում:
20-րդ դարի սկզբին ավստրալահայերը աստիճանաբար սկսել են կենտրոնանալ խոշոր քաղաքներում, առավելապես՝ Մելբուռնում և Ադելաիդայում, որտեղ զբաղվել են հիմնականում առևտրով և արհեստով, երբեմն էլ աշխատանք են գտել նավերի վրա:
Համայնքը ստվարացել և սկսել է կազմավորվել 1960-ական թթ., երբ Եգիպտոսից, Միջին Արևելքի երկրներից և Իրանից հայերի որոշ խմբեր տեղափոխվեցին Ավստրալիա: Ավստրալահայ գաղութը հետագայում ևս աճել է Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, այլ երկրների հայ համայնքներից, նաև Հայաստանից ու նախկին խորհրդային հանրապետություններից տեղափոխված հայերի հաշվին:
Ըստ տարբեր աղբյուրների՝ ներկայումս Ավստրալիայում բնակվում է մինչև 60 հազար հայ:
Ավստրալահայերի մեջ մեծ թիվ են կազմում գործարարները, արհեստավորները, բժիշկները, պետական ծառայողները, փաստաբանները: Նոր Հարավային Ուելսի վարչապետը հայազգի Գլեդիս Բերեջիկլյանն է:
Համայնքում գործում են ՌԱԿ, ՀՅԴ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները, մշակութային միությունները, ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀԵՄ, Հայ Դատի հանձնախմբի Ավստրալիայի մասնաճյուղերը: Կան նաև այլ երիտասարդական և մարզական միություններ, թատերախմբեր, երգչախմբեր, պարախմբեր, հայկական ռադիոժամեր, Սիդնեյում և Մելբուռնում` հայաստանյայց առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, ամենօրյա և մեկօրյա վարժարաններ։
Հարավային Ավստրալիա և Նոր Հարավային Ուելս նահանգները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Ցեղասպանությունը ճանաչել են նաև Ավստրալիայի Միացյալ եկեղեցին (ավետարանական), Սիդնեյի Ռայդ արվարձանը և Ուիլոուբի քաղաքի խորհուրդը։
2012 թվականին Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը: