Արցախ
Բովանդակություն
Հղումներ
Արցախյան 2-րդ պատերազմի հակիրճ նկարագիր
Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից՝ Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորված հարձակում Արցախի Հանրապետության դեմ, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ։ 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմն Ադրբեջանի կողմից խախտվել է բազմիցս, և այս անգամ այն համակարգվում է Թուրքիայի կողմից, որը Ադրբեջանին ցուցաբերում է անմիջական ռազմական աջակցություն, ներառյալ Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների հավաքագրումը և տեղափոխումը։
Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանը Արցախի քաղաքներին և գյուղերին, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշի, Հադրութ, Մարտունի և Մարտակերտ քաղաքները, հարվածում է խոշոր տրամաչափի հրետանային, հրթիռային զինտեխնիկայով, անօդաչու թռչող սարքերով և միջազգայնորեն արգելված կասետային, քիմիական տարրեր պարունակող ֆոսֆորային զինամթերքով։ Բնակավայրերին հասցվում են մեծ ավերածություններ և քաղաքացիական զոհեր ու վիրավորներ: Տարածքի բնակչության ավելի քան 60%-ը՝ տասնյակ հազարավոր մարդիկ, տարհանվել են իրենց տներից։
Արցախում մեծաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր, էլեկտրակայաններ և կապի ցանցեր, ենթարկվել են բազմաթիվ հարվածների։ Հազարավոր տներ վնասված կամ ավերված են, բնակչությունը գտնվում է ապաստարաններոում։
Բացի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա հարձակումներից՝ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու հրթիռակոծություն է իրականացրել Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի ուղղությամբ։
Հոկտեմբերի 31-ի դրությամբ Արցախում մահացել է 45 խաղաղ բնակիչ, ներառյալ՝ անչափահաս երեխա, 7 կին և 37 տղամարդ: 141 մարդ ստացել է վիրավորում, որից 120-ը՝ ծանր:
Խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա հարձակումից բացի՝ Ադրբեջանը հարձակվել է նաև հակամարտությունը լուսաբանող լրագրողների վրա, որի արդյունքում վիրավորվել է 7 լրագրող և մահացել լրագրողական խմբի ուղեկցորդը:
Էթնիկ զտումներ կատարելու և քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու մտադրությունն իրագործելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ուժերի կողմից Հադրութում 4 քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ հաշմանդամություն ունեցող, դաժանաբար սպանվել են։ Հոկտեմբերի 15-ին ադրբեջանցի զինվորականները նվաստացրել և գնդակահարել են երկու հայ ռազմագերիների, որոնց ինքնությունը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորները գլխատել, խոշտանգել և մասնատել են հայ զինվորներին և հրապարակել նրանց լուսանկարներն ու տեսագրությունները սոցիալական ցանցերում (մասնավորապես՝ Telegram-ում և Instagram-ում):
Ռազմական հանցագործություններին ի լրումն՝ Ադրբեջանը Արցախի բնակավայրերին մոտ գտնվող անտառներում կիրառեց միջազգայնորեն արգելված քիմիական զենք (սպիտակ ֆոսֆոր)՝ նպատակ ունենալով լայնածավալ բնապահպանական աղետ հարուցել և սպառնալ անտառներին մոտ ապրող բնակչության կյանքին:
2020թ. նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը ստորագրեցին համատեղ հայատարարություն, որի 1-ին կետով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Հայտարարությամբ նախատեսվեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի տեղակայում.
Հայտարարության տեքստին ամբողջապես կարող եք ծանոթանալ հղմամբ։
Հունվարի 11-ին առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցավ եռակողմ հանդիպում, որի արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն։
Այս պահի դրությամբ մոտավոր հաշվարկներով Արցախում բնակվում է 105-110 հազար արցախցի: 35-40 հազար արցախցի գտնվում է Հայաստանում:
Այժմ Արցախում իր ուսումն է շարունակում 18 հազարից ավելի աշակերտ և 2 հազար նախադպրոցական տարիքի երեխա:
Նկարներ
Թուրքիայի Դերը
Ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիան ցեղասպանություն գործեց իր տարածքում բնակվող հայերի նկատմամբ, ապա շարունակեց հարձակվել Կովկասում ապրող հայերի վրա։ Թուրքիայի նախագահ Էրդողանը 2020 թվականի հուլիսին ունեցած իր ելույթի ընթացքում խոստացավ Կովկասում ավարտին հասցնել իրենց նախնիների գործը։ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է եղել Արցախյան հակամարտության վերսկսման գործընթացում և շարունակում է լայնամասշտաբ ռազմական և քաղաքական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։
Այս ամառ Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական ռազմական զորավարժությունների պատրվակով՝ Թուրքիան Ադրբեջան տեղափոխեց զինվորական անձնակազմ և սարքավորումներ, այդ թվում՝ F-16 կործանիչներ, որոնք օգտագործվել են սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքում ինքնաթիռներ կործանելու համար։
Թուրքիան Արցախի և Հայաստանի դեմ կռվելու նպատակով Սիրիայի և Լիբիայի հյուսիսային մասերից վարձկաններ է տեղափոխել Ադրբեջան։ Համաձայն բազմաթիվ լրատվամիջոցների հաղորդումների և հետաքննությունների՝ 3000-4000 ահաբեկիչներ Արցախի և Հայաստանի դեմ ընթացող պատերազմում կռվելու դիմաց վարձատրվում են ամսական 1,500-2,000 դոլարի չափով։ Թուրքիայի դերը վարձկանների հավաքագրման և տեղափոխման գործում հաստատվել է միջազգային լրատվամիջոցների, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների, օտարերկրյա կառավարությունների (օրինակ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան) և այլոց կողմից։
Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև հրապարակայնորեն հակադարձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը։
Պատմություն և Ռեսուրսներ
Արցախի և Հայաստանի Քարտեզ

Բոլորս Արցախի Համար - Նվիրաբերել
ՆվիրաբերելԱրցախն ունի բոլորիս կարիքը: Անկախ մեր գտնվելու վայրից՝ յուրաքանչյուրս զինվոր ենք և պետք է մեր ներդրումն ունենանք այս պատերազմում: Սահմանն ամուր պահելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է համազգային դրամահավաք-արշավ:
Արցախին օգնելու համար խնդրում ենք նվիրատվություններ կատարել:
Միասնաբար մոտեցնենք հաղթանակի բաղձալի պահը: