Աշխատանք Հայաստանում
Զբաղվածություն
Հայաստանում աշխատանքային զբաղվածության հնարավորություններ սկսեք փնտրել նախօրոք։ Համոզվեք, որ Ձեր դիպլոմներն ու վկայականները վերցրել եք Ձեր հետ, որոշ գործատուներ կարող են պահանջել դրանց թարգմանված օրինակները, որոշները գուցե չպահանջեն դրանք։ Որոշ միջազգային կառույցներ կպահանջեն բնօրինակները։
Թարմացրեք Ձեր CV-ն և ինքնակենսագրականը։ Հայկական ընկերություններից շատերը որպես նմուշ օգտագործում են ամերիկյան ոճը և նախընտրում մեյլին կցված մեկ էջ։ Համոզվեք, որ ուսումնասիրել եք այն կազմակերպությունը, որին դիմում եք և համապատասխանում եք առաջադրված պահանջներին։ Repat Armenia-ն առաջարկում է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև CV-ի լրացման օգնություն։
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 75,000 դրամ, որը մոտավոր համարժեք է 190 ԱՄՆ դոլարի։ 2023 թվականի դրությամբ երկրի աշխատավարձերի միջին ցուցանիշը կազմում է մոտավոր 249,278 դրամ կամ մոտ 640 ԱՄՆ դոլար։
ՀԱՎԵԼՈՒՄ․ Հայկական ընկերությունները սովորություն չունեն աշխատանքի ընդունման երկարաժամկետ գործընթաց իրականացնել։ Եթե նրանց աշխատող է պետք, նրանք ակնկալում են աշխատակցին անհապաղ ընդունել։ Դուք կունենաք առավելագույնը մի քանի շաբաթ, եթե նրանք առաջարկեն առցանց հարցազրույց։
Ակտիվ ծանոթություններ։ Ինչքան շատ մարդկանց հետ Դուք ծանոթանաք, այդքան ավելի հեշտ կընթանա Ձեր ինտեգրման պրոցեսը։ Թարմացրեք Ձեր LinkedIn-ը, միացեք Facebook խմբերի, մասնակցեք հայրենադարձների միջոցառումներին։
Հարկեր և վճարներ
- Անհատական եկամտահարկը բոլորի համար կազմում է 20%
- Սոցիալական ապահովագրության հարկը կազմում է 5% մինչև 500,000 դրամ աշխատավարձի դեպքում, 500,000 դրամը գերազանցելու դեպքում կազմում է 10%
- Զինծառայողների հիմնադրամի պարտադիր վճարը սկսում է ամսական 1,000 ՀՀ դրամից և կախված է տվյալ անձի աշխատավարձի չափից:
Աշխատանքի թույլտվություն
Եթե Դուք ցանկանում եք Հայաստանում աշխատել նախքան քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ձեռք բերելը, անհրաժեշտ կլինի ստանալ աշխատանքի թույլտվություն։ Ձեր գործատուն պետք է Ձեր անունից դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աշխատանքի թույլտվություն ստանալու համար։
Բարձր հմտություններ ունեցող օտարերկրյա մասնագետները, ձեռնարկատերերը, ղեկավարները, տարբեր ոլորտների դասընթացների կամ սարքավորումների օգտագործման համար պահանջված մասնագետները, կառավարման համակարգում բարձր որակում ունեցող մասնագետները (օրինակ՝ գյուղատնտեսություն, բնական գիտություններ, IT, ֆինանսներ, մթերման տեխնոլոգիաներ կամ մենեջմենթ), համալսարանի դասախոսները, արտասահմանյան հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները, փախստականները կամ փոխանակման ծրագրով սովորող ուսանողները ազատված են աշխատանքի թույլտվության պայմաններից։
Աշխատանքային թույլտվություն ստանալու համար դիմելիս նախարարությունը նախ պետք է համոզվի՝ արդյո՞ք թափուր պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան որակավորում ունեցող տեղացի հայ աշխատողներ չկան։ Եթե տեղացիներ կան, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործատուին հարցազրույցի համար առաջարկելու է նրանց։ Գործատուն պարտավոր չէ գովազդել առաջարկվող պաշտոնը կամ առաջարկել հատուկ աշխատավարձ։ Եթե թեկնածուներ չեն առաջարկվում, կամ գործատուն հիմնավոր պատճառներ ունի թեկնածուին մերժելու համար, նախարարությունը Ձեզ կտրամադրի աշխատանքի թույլտվություն։ Աշխատանքի թույլտվությունը տրամադրելուց հետո (սովորաբար 14 օրվա ընթացքում), Դուք պետք է դիմեք Երևանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ՕՎԻՐ) ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար։ Դիմումը պետք է հավելել անհրաժեշտ փաստաթղթերով՝ ներառյալ բուժզննման արդյունքները։ Ժամանակավոր կացության քարտը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից մոտ 30-45 օրվա ընթացքում։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Գործատուն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․
- Դիմում
- Անձնագիր
- Դիպլոմներ և կրթությունը կամ որակումը վկայող փաստաթղթեր՝ հյուպատոսական վավերացմամբ (կամ ապոստիլով)
- Երկու լուսանկար (3x4 սմ)
- Պետական տուրքի վճարման ապացույց (25,000 դրամ պետք է վճարվի Ձեր կամ գործատուի կողմից)
Կոնտակտային տվյալներ
Պետական զբաղվածության կենտրոն
Կ․Ուլնեցի 68
Երևան, Հայաստան 0069
(+374) 10 280625
Կայք էջ`www.employment.am