Ուկրաինա
Ուկրաինայում հայերը բնակություն են հաստատել դեռևս վաղ միջնադարում: Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվել Կիևյան Ռուսիայում 10-11-րդ դդ. հաստատված հայերի մասին. նրանց հոսքն այստեղ մեծացել է հատկապես 11-րդ դարի 2-րդ կեսից` Հայաստանի ծանր վիճակից ելնելով, որը պայմանավորված էր թուրք-սելջուկների գերիշխանությամբ:
Ուկրաինայում հայկական սփյուռքի ձևավորման գործընթացը վերսկսվում է խորհրդային տարիներից: 1988-ից երկրի հայաշատ մարզերում և քաղաքներում հիմնադրվում են հայկական հասարակական, ազգային-մշակութային, բարեգործական, երիտասարդական կազմակերպություններ:
2001 թ. ստեղծվում է Ուկրաինայի հայերի միությունը: Այն համայնքային խոշոր կառույց է, որն ունի տարածաշրջանային բաժանմունքներ ողջ Ուկրաինայում և իր շուրջ է համախմբում ուկրաինահայ մեծ համայնքը:
Հայկական սփյուռքի ձևավորումն ակտիվ փուլ է թևակոխում ԽՍՀՄ փլուզումից հետո:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 500000 հայ:
Հայաշատ բնակավայրերն են Կիևը, Օդեսայի, Լվովի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի մարզերը:
Ուկրաինայում կան երեք տասնյակ եկեղեցիներ և բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես` Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Մակեևկայում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում, Իզմայիլում:
Գործում են ավելի քան 50 հայկական համայնքային կառույց ու միություն, 20 երիտասարդական կազմակերպություն, մոտ 45 հայկական կիրակնօրյա կրթօջախ, վարժարան և նախակրթարան: Հրատարակվում են «Հայկական լրատու», «Նռնենի» ամսագրերը, «Армянский час» և «Արագած» ամսաթերթերը: Հայաստանի, սփյուռքի և ուկրաինահայ համայնքի մասին ամենօրյա տեղեկատվություն և վերլուծություններ է տրամադրում «Անալիտիկա» կայքը, որը մեծ ճանաչում ունի համայնքում: