Լիբանան
Ժամանակակից Լիբանանի տարածքում (պատմական Փյունիկիա) հայերը բնակվել են դեռևս վաղնջական ժամանակներից (մ.թ.ա. 1-ին դար), սակայն հայերի հոսքը Լիբանան մեծացել է 17-18-րդ դարերի ընթացքում: 19-րդ դարի վերջում Լիբանանի հայերը պատկանում էին Օսմանյան կայսրության հասարակության ամենաառաջատար շերտերին։
Ժամանակակից Լիբանանահայ համայնքը ձևավորվել է գլխավորապես համիդյան ջարդերից հետո` Հայոց ցեղասպանության շրջանում, և հետագա տարիներին՝ 1915-1939թթ.-ին, երբ հազարավոր գաղթականներ ապաստան են գտել Բեյրութի Բուրջ Համուդ և Հաճն թաղամասերում, Լիբանանի Ջյունիե, Զահլե, Ջիբեյլ, Տրիպոլի և այլ բնակավայրերում: Նույն շրջանում (լիբանանա-սիրիական սահմանի մոտ) հայերը հիմնել են Այնճար (Մուսա լեռ) հայկական գյուղաքաղաքը` Բեքաայի հովտում, որը մինչև այժմ շարունակում է հայաբնակ մնալ: Սկզբնական շրջանում Լիբանանի հայերը հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով, նաև` հողագործությամբ:
Լիբանանի հայ համայնքը՝ որպես Մերձավոր և Միջին Արևելքի հայության ղեկավար կենտրոն, ավանդաբար առանցքային տեղ է զբաղեցրել տարածաշրջանի հայ համայնքների շարքում։ Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները հաստատվելով Լիբանանում` շատ կարճ ժամանակահատվածում իրենց աշխատասիրության և համառության շնորհիվ ստեղծեցին մի ծաղկուն հայկական համայնք՝ բազմազան և բազմաբնույթ ենթակառուցվածքներով, աճեցրեցին հայախոս ու հայրենասեր նոր սերունդներ: Հայերը` Լիբանանի իշխանությունների և ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ կարողացել են պահպանել իրենց հարուստ ազգային մշակույթն ու արժեքները և լինելով լիիրավ քաղաքացիներ` հատկապես շոշափելի ներդրում ունեցել քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտներում Լիբանանի զարգացման և բարգավաճման գործում: Այսօր երկու ժողովուրդների բարեկամության անկեղծության և ամրության ապացույց է նաև Լիբանանի իշխանությունների, խորհրդարանի և ժողովրդի սկզբունքային դիրքորոշումը: Լիբանանը մերձավորարևելյան առաջին երկիրն է, որի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկու բանաձև է ընդունել: Առաջինը՝ 1997թ. ապրիլի 3-ին, «Ապրիլի 24-ը հայ ժողովրդի դեմ գործադրված ջարդերի արհավիրքի հիշատակի օր» հայտարարելու վերաբերյալ, իսկ երկրորդը` 2000թ. մայիսի 11-ի բանաձևն է, որով դատապարտվում է Օսմանյան Կայսրությունում 1,5 մլն հայերի կոտորածը:
Լիբանանահայ համայնքը մինչև 1970-ականների կեսերը կազմել է շուրջ 250-300 հազար: Լիբանանի քաղաքացիական երկարատև պատերազմի (1975-1990թթ.) ու դրա հետևանքով առաջացած անապահովության ու տնտեսական տևական ճգնաժամերի հետևանքով այսօր տարբեր տվյալներով Լիբանանում բնակվում է շուրջ 100-120.000 հայ: Սիրիական պատերազմի հետևանքով հայերից շատերը լքեցին երկրորդ հայրենիք դարձած Սիրիան: Շուրջ 15.000-ը հաստատվեց Լիբանանում:
Լիբանանը հայ եկեղեցական խոշորագույն կենտրոններից է: Լիբանանահայերը դեռևս 19-րդ դարից բաժանված են եղել կրոնադավանական երեք համայնքների` Հայ առաքելականներ, Հայ կաթոլիկներ և Հայ ավետարանականներ: Այստեղ են գտնվում.
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (առաջնորդանիստ` Անթիլիասի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի)` համազգային կառույց է, որը, լինելով Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետություններից մեկը, հանդիսանում է Սփյուռքի առաքելական հայերի մի մեծ հատվածի հոգևոր կենտրոնը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո իր անմիջական մասնակցությունն է բերել հայ սփյուռքի ձևավորման և կազմակերպման գործում:
Հայ Կաթողիկե պատրիարքարանը (նստավայրը` Զմմառի վանք, առաջնորդանիստը` Ս.Գրիգոր Լուսավորիչ-Ս.Եղիա եկեղեցի)` Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի նստավայրով, համազգային կառույց է, որը հանդիսանում է ողջ կաթողիկե հայության հոգևոր կենտրոնը։ Հայ Կաթողիկե պատրիարքարանն ուղղակիորեն ենթարկվում է Վատիկանին, որի շնորհիվ լայն կապեր ունի միջազգային շրջանակներում և մեծ օժանդակություն է ցուցաբերում համահայկական ծրագրերին: Լիբանանի հայ կաթողիկե համայնքը ստվարացել է 19-րդ դարի 30-ական թթ. թուրքական գավառներում ծավալված կաթողիկեների հանդեպ հալածանքների հետևանքով։ Համայնքի թվաքանակն աճել է 1920-ականներին կիլիկիացի գաղթականների ներհոսքի հաշվին։
Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունը (Բեյրութ)` եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերով, որը ներառում է տարածաշրջանի 6 երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, ինչպես նաև Հունաստանի և Ավստրալիայի հայ ավետարանական համայնքները։ Հայ Ավետարանական համայնքը փոքրաթիվ է և մաս է կազմում Լիբանանի ավետարանական եկեղեցու, ուր հայ ավետարանականները հանդիսանում են մեծամասնություն և ունեն զգալի կշիռ։
Լիբանանի հայ համայնքն ունի կրոնական-սահմանադրական համայնքի կարգավիճակ:
Այսօր թեև կուսակցական համաշխարհային կենտրոնները գտնվում են Լիբանանից դուրս, բայց և այժմ էլ ակտիվ գործունեություն են ծավալում հայ երեք ավանդական կուսակցությունները` ՀՅԴ-ն ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը:
Հայերը Լիբանանի անկախությունից հետո կարողացել են Լիբանանում ներկայանալի լինել ոչ միայն տնտեսության, մշակույթի, այլև քաղաքականության բնագավառում: Լիբանանի տարբեր տարիներին գումարված խորհրդարաններում հայկական համայնքը ներկայացված է եղել իր պատգամավորներով, կառավարությունում՝ հայազգի նախարարներով: Այսօր Լիբանանի կառավարության անդամ է հայազգի մեկ կին նախարար (Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար), իսկ խորհրդարանում հայ համայնքը ներկայացված է 6 պատգամավորներով Լիբանանահայ համայնքի ակտիվությունը և դերը Սփյուռքում դեռևս պահպանվում է նաև շնորհիվ համայնքում գործող բարեգործական, մշակութային և մարզական կազմակերպությունների (ՀԲԸՄ, Համազգային, ՀՕՄ-ի ԼՕԽ, ԹՄՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀԵԸ և այլն)։ Լիբանանում հայանպաստ բազմաբնույթ գործունեություն են ծավալել ՀԲԸՄ-ի տարբեր վարչությունները (1998թ. ՀԲԸՄ-ի աջակցության շնորհիվ կառուցվել է ՀՀ դեսպանության շենքը): Այստեղ է տեղակայված նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղը, Արցախ ֆոնդը, գործում են հայրենակցական, ուսանողական և այլ կազմակերպություններ, մի շարք մասնագիտական և արհեստակցական միություններ:
Բեյրութում է գտնվում Սփյուռքում գործող միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը` Հայկազյան համալսարանը (1955թ.), որտեղ սովորում են ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրացի ուսանողներ: Հայ հոգևոր կառույցների և կազմակերպությունների հովանու ներքո գործում են ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ:
2015թ. հուլիսին Լիբանանի Ջբեյլ (Բիբլոս) քաղաքում՝ «Թռչնոց բույն» որբանոցին կից, բացվել է Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պէզիքեան» թանգարանը։
Լիբանանում հայ մանուլն ունի հարուստ ավանդույթներ: Տպվում են բազմաթիվ ամսագրեր, եռամսյաներ, տարեգրքեր, շաբաթաթերթեր և այլն, որոնց մեջ առանձնանում են երեքը` «Ազդակ» (ՀՅԴ), «Զարթոնք» (ՌԱԿ) և «Արարատ» (ՍԴՀԿ) թերթերը: Լիբանանում շուրջօրյա գործում են «Վանա Ձայն» (ՀՅԴ), և «Ռադիո Սևան» (վերջին շրջանում անցել են միայն թվայնացված սփռման) ռադիոկայանները: