Թայլանդ
Սիամում հայերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են XVII դարին:
Սիամի Նառայ թագավորի (1656-1688 թթ.) ժամանակաշրջանի գրավոր աղբյուրների համաձայն` XVII դ. կեսին այստեղ բնակվել են զգալի թվով հայեր, որոնք կենտրոնացած են եղել Այութայայում (Սիամի մայրաքաղաքը՝ 1350-1767 թթ.):
Տեղի հայերի մասին հիշատակումներ կան նաև Փարիզում տպագրված Ադրիեն Լունեի «Սիամում ֆրանսիական ներկայացուցչության պատմություն 1662-1811 թթ.» մենագրության, ինչպես նաև «Սիամի Թագավորության վարչապետ Կոնստանսի և Սիամի վերջին հեղափոխության պատմությունը» գրքի էջերում:
2003 թ. Թաիլանդում բնակվում էր 40-50 հայ, հիմնականում` Բանգկոկում: 2013 թ. նրանց թիվը հասավ 120-130-ի։ Նրանք հիմնականում աշխատում են ոսկերչության, տեքստիլ արդյունաբերության և շինարարության ոլորտներում:
Թաիլանդում հայկական եկեղեցի կամ ազգային որևէ հաստատություն չկա:
Տեղի հայերի հոգևոր կարիքները հոգալու նպատակով` տարին երկու անգամ համայնք է այցելում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդը: Կրոնական արարողությունների համար օգտագործվում են Բանգկոկի ավետարանական եկեղեցիները:
Հայերը համախմբված են ՀՀ պատվո հյուպատոսության շուրջ, որն ակտիվ գործունեություն է ծավալում հայապահպանության, հայկական մշակույթի պահպանման ու տարածման ուղղությամբ, այդ նպատակով էլ համագործակցում է Չինաստանի, Սինգապուրի և Մալայզիայի հայկական համայնքների հետ:
Հեռանկարում նախատեսվում է համակարգող կառույցի ստեղծում։