Կորեա
Կորեայի Հանրապետությունում հին, հայկական դասական սփյուռք չի ձևավորվել. հայերը սկսել են այստեղ տեղափոխվել հիմնականում վերջին տասնամյակներում:
Կորեայի հայ համայնքը սակավաթիվ է` մոտ 65-70 մարդ, որոնց մեծ մասն աշխատանքային պայմանագրով իրենց ընտանիքի հետ Կորեայում բնակվող հայերն են և ունեն ժամանակավոր կացության կարգավիճակ: Կան նաև շատ ավելի վաղ կորեացիների հետ ընտանիքներ կազմած և Կորեայում հաստատված մի քանի հայեր: Մշտական բնակության իրավունք ունեցողների թիվը 15-ն է, իսկ աշխատանքային միգրանտները մոտ 40-45-ն են:
Բացի արտագնա աշխատանքի մեկնածներից` համայնքի անդամները նաև Հայաստանից մեկնած երիտասարդներն են: Նրանց մեծ մասն աշխատում է ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես՝ «Սամսունգ» ընկերությունում: Կան նաև գիտության և կրթության ոլորտի աշխատողներ, ինչպես նաև առևտրով ու շինարարությամբ զբաղվող մի քանի անհատներ:
Կորեայում հայերը հիմնականում բնակվում են Սեուլ և Սուվոն քաղաքներում: Խառնամուսնությունները կազմում են մոտ 4 %:
Համայնքի մոտ 98 տոկոսը խոսում է հայերեն, բացառություն են կազմում վաղ շրջանում Կորեա տեղափոխված հայերն ու խառնամուսնություններից ծնված երեխաները: