Այցելի՛ր Հայաստան
«Ֆայնենշլ թայմսի» փորձագետները Հայաստանը նշել են որպես 2020 թվականի թիվ 1 տուրիստական ուղղություն: Իր եզակի մշակույթով, բնությամբ, բացառիկ հյուրասիրությամբ և նորարարությամբ, Հայաստանը շարունակում է գրավել աշխարհի տարբեր ծայրերից ժամանող զբոսաշրջիկներին:

Սփյուռքի մեր հայրենակիցների համար պատմական հայրենիք այցելությունն այն նորովի բացահայտելու, հնարավորություններին ծանոթանալու, հետաքրքիր կապեր ստեղծելու և անմոռանալի տպավորություններ ձեռքբերելու ևս մեկ առիթ է: Հայաստանյան ավիացիոն շուկա մի քանի միջազգային բյուջետային ավիաընկերությունների մուտք գործելու շնորհիվ՝ գնալով առավել մատչելի են դառնում Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապեր հաստատելու հնարավորությունները:
Հայաստանի զբոսաշրջային առավելությունները մեծաթիվ են և գնալով ավելի բազմազան են դառնում: Այսպիսով՝ հայրենիքում դուք կարող եք ընտրել արկածային զբոսաշրջությունից մինչև բուժառողջարանային, մշակութային, գիտական, հնագիտական, տեխնոարդյունաբերական, գյուղական, էթնո և էկոզբոսաշրջային ուղղություններից որևէ մեկը, տեսնել հայրենիքի բոլոր գույներն ու ներուժը, որը գուցե նաև կօգնի Ձեզ Հայաստանում մեկընդմիշտ մնալու որոշում կայացնել: