Եթովպիա
Հայ-եթովպական առնչությունների մասին վկայում է դեռես պատմահայր Մովսես Խորենացին:
7-րդ դարում արաբական հալածանքների պատճառով մեծաթիվ հայեր Սիրիայից, Պաղեստինից, Եգիպտոսից գաղթել են Եթովպիա և հաստատվել ներկայիս Դեսիե քաղաքի մոտ` կառուցելով Սուրբ Ստեփանոս վանքը (կանգուն է եղել մինչև 1527 թ.) և հիմնել հայկական բնակավայր, որը հաբեշական մատենագրության մեջ հայտնի է «Հայք» և «Հայկական կղզի» անուններով:
Եթովպահայ համայնքը համալրվել է 12-րդ դ.՝ Եգիպտոսից, 14-րդ դ. վերջին Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից հետո այնտեղից գաղթած հայերով:
Մեծ է հայերի դերը եթովպական եկեղեցու, մշակութային ավանդույթների պահպանման, մատենագրության, երկրի տնտեսության զարգացման գործում:
16-րդ դարում հայ հոգևորականներն Եթովպիայում հիմնել են վանքեր, դպրոցներ, հայերենից ամհարերեն են թարգմանել Գրիգոր Լուսավորչի վարքը, ճառեր և այլ աշխատություններ:
1539-ին Լեբնա Դենգել թագավորի հրամանով Եթովպիան անցել է հայկական տոմարի:
Հայ առևտրականները Եթովպիա են ներմուծել երկաթեղեն, կապար, մետաքս, բամբակեղեն, ապակեղեն, ներկանյութեր, մեքենաներ և արտահանել մեղրամոմ, փղոսկր, մորթի, սուրճ և այլն:
19-րդ դարի վերջից հայերն եթովպական բանակին հրետանի և այլ զինատեսակներ են մատակարարել:
1930-ական թթ. եթովպահայերի թիվը եղել է 2800, որոնք հիմնականում բնակվել են Ադիս Աբեբայում, ինչպես նաև Դիրեդավա, Հարար, Զեյլա քաղաքներում:
1974 թ. հեղափոխությունից հետո Եթովպիայում ստեղծված տնտեսական ծանր կացության հետևանքով տեղի հայերի մեծ մասը կորցրել է ունեցվածքը և արտագաղթել երկրից:
2003 թ. հայերի թիվը կազմել է 80-90: Ներկայումս Եթովպիայում բնակվում է շուրջ 100 հայ` հիմնականում Ադիս Աբեբայում։
Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Եթովպիայի հոգևոր հովվությունը, որն ընդգրկված է Եգիպտոսի թեմի կազմում (կենտրոնը` Ադիս Աբեբայի Ս. Գևորգ եկեղեցի):
Եթովպիայում է գտնվում հայկական Ազգային «Գևորգով» վարժարանը, որտեղ դասավանդել են հայոց լեզու, հայոց պատմություն, աշխարհագրություն, կրոն, ամհարերեն, անգլերեն, ֆրանսերեն: 1996 թ. աշակերտների թիվը եղել է 100, որից ընդամենը 11-ն է հայ եղել:
Այսօր վարժարանը գործում է որպես «Գևորգով» միջազգային դպրոց, որի աշակերտների թվում հայեր չկան: