Արգենտինա
Արգենտինայի հայկական համայնքը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին, երբ թուրքական իշխանությունների կողմից 1909 թվականին Ադանայում կազմակերպված ջարդերի արդյունքում հայերը ստիպված եղան գաղթել իրենց բնակավայրից: 1914 թվականին Արգենտինայում ապրում էր մոտ 2000 հայ։ 1922-1930 թվականը Կիլիկիայից և Իզմիրից Հայոց ցեղասպանությունը վերապրածներն ընդլայնեցին համայնքը։
Հայերի հոսքը Արգենտինա մեծ չափերի հասավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1952-1953 թվականներին Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից և Ֆրանսիայից մոտ 10 հազար հայ արտագաղթեց Արգենտինա, իսկ 1955 թվականին՝ 1000 հայ Ռումինիայից ու Բուլղարիայից և 4 հազար հայ` Թուրքիայից։
1962 թվականին մոտ 40000 հայ էր ապրում Արգենտինայում։ Այսօր Արգենտինայում հայերի թիվը մոտ 120000 է, որոնցից շատերը կենտրոնացած են Բուենոս Այրեսում, իսկ 7000-ը՝ Կորդոբայում։ Ռոսարիոյում և Մար դէ Պլատայում, ինչպես նաև Միսիոնես, Մենդոսա, Նեուկեն և Ռիո Նեգրո նահանգներում կան մոտ 500 հոգուց բաղկացած փոքր հայկական համայնքներ։
Արգենտինահայերը հիմնականում միջին դասի գործարարներ են, որոնք զբաղվում են առևտրային և բիզնես գործունեությամբ, ներգրավված են թեթև և ծանր արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, սպասարկման և այլ ոլորտներում, կան նաև շատ քաղծառայողներ, գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, իրավաբաններ և արվեստագետներ:
Պատմական և ներկայիս հայտնի գործիչների մեջ են մտնում Արգենտինայի ազգային ռազմական քոլեջի առաջին տնօրենը՝ գեներալ Յանոշ Ցեցը (Հովհաննես Ցեցյան), գործարար և բարեգործ Էդուարդո Էռնեկյանը, Բուենոս Այրեսի արդարադատության նախկին նախարար և անվտանգության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, վարակաբան Դանիել Ստամբուլյանը, երգահան Ալիսիա Թերզյանը, արվեստագետ Ջորջ Դեմիրճյանը, թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, տնտեսագետ և Արգենտինայի ազգային բանկի նախկին նախագահ Կառլոս Մելքոնյանը, պրոֆեսիոնալ ըմբիշ և դերասան Մարտին Կարադաղյանը, պրոֆեսոր և լրագրող Խուան Գաբրիել Թոքաթլյանը և այլք։
Արգենտինահայերը վարում են աշխույժ համայնքային կյանք։ Արգենտինայում գործում են բազմաթիվ հայրենակցական, մշակութային միություններ, երգչախմբեր և պարախմբեր, երիտասարդական կազմակերպություններ, հայկական ավանդական կուսակցությունների մասնաճյուղեր և վերջիններիս հետ փոխկապակցված կազմակերպություններ։
«Հայ կենտրոնը» տեղակայված է Ռոսարիոյում, իսկ «Հայ տունը»՝ Մար դէ Պլատայում։ Բուենոս Այրեսում գործում են Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիներ։
Բուենոս Այրեսում կան նաև բազմաթիվ կրթական հաստատություններ, այդ թվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան կենտրոնը, Հ․Բ․Ը․Մ․ Մարի Մանուկեան և Խրիմյան կրթական կենտրոնները, ինչպես նաև Մխիթարյան միաբանությունը, Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցը և Արծրունու և Սահակ Բաքչելլյանի անվան դպրոցները։ 1968 թվականին Բուենոս Այրեսում ստեղծվել է արգենտինացի ուսանողների հայ-արգենտինական դպրոցը։ Այն պատկանում է Բուենոս Այրեսի քաղաքապետարանին և գործում է պետական ծրագրով։ Աշակերտներին դասավանդում են հայոց պատմություն և մշակույթ, երգեր և պարեր։
Արգենտինայում հրատարակվող հայկական հիմնական թերթերը «Դիարիո Արմենիա» և «Սարդարապատ» թերթերն են, կան մի քանի առցանց լրատվականներ:
Բուենոս Այրես քաղաքից մոտ վաթսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պիլար քաղաքում է տեղակայված հայկական քաղաքային ակումբը։ 64 հեկտար տարածք զբաղեցնող այս մասնավոր համայնքը, որը բաղկացած է պրոֆեսիոնալ գոլֆի խաղադաշտից և հիմնականում հայ ընտանիքներին պատկանող բնակավայրերից, հասանելի չէ հանրությանը: 2015 թվականին այնտեղ բացվել են Հայ նահատակների հրապարակը և Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։
Ինժենիերո Մաշվից քաղաքում է գտնվում հայկական մարզադաշտը և նրա «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային թիմը: Հենց այս ֆուտբոլային ակումբի շնորհիվ հայերն իրենց հետքը թողեցին արգենտինական ֆուտբոլում։ «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային թիմը երկու տարի խաղացել է երկրի առաջին խմբում (1987-1989) և պարտության է մատնել «Ռիվեր փլեյթ» և «Բոկա Յունիորս» լեգենդար թիմերին։ Ներկայումս «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային թիմը խաղում է Արգենտինայի երրորդ խմբում։
Արգենտինայի հայ համայնքը բարձր հեղինակություն է վայելում երկրում և համարվում է ամենակազմակերպված ու բարգավաճ ազգային փոքրամասնություններից մեկը։ Արգենտինահայ համայնքը ոչ միայն մեծ, այլև ազդեցիկ համայնք է, որը մեծ դեր է խաղում Արգենտինայի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման գործում։
Արգենտինայի տարբեր քաղաքներում բազմաթիվ փողոցները կրում են հայկական բնակավայրերի անունները, ինչպիսիք են՝ «Հայաստան» փողոցը Պալերմոյի հայկական թաղամասում, որտեղ գտնվում են համայնքային բոլոր հաստատությունների կենտրոնական գրասենյակներն ու հավաքատեղիները և Կորդոբայում, որտեղ և՛ եկեղեցին, և՛ «Հայ կենտրոնը» գտնվում են «Զորավար Անդրանիկ» փողոցում։
Նմանապես, կան բազմաթիվ հրապարակներ, որոնք կրում են հայկական տեղանունները, ինչպես օրինակ՝ «Հայաստան», «Արարատ» և «Հայ ներգաղթյալներ» հրապարակները Բուենոս Այրեսում։
Պալերմո Գարդենսում կա նաև հայկական հրապարակ, որտեղ 2004 թվականին Կարագոզլուների ընտանիքի կողմից կանգնեցվել է Հայաստանին նվիրված խաչքար։ Բուենոս Այրեսի Վիսենտե Լոպես թաղամասում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարեր։ «Արմենիա» հրապարակում կա նաև Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի փոքրիկ կրկնօրինակը։
Արգենտինան 2007 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը հռչակվել է ժողովուրդների միջև հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի օր։ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը դատապարտել է նաև Սենատի որոշումներով, հռչակագրերով, հայտարարություններով և օրինագծերով։
Արգենտինայում հայկական կազմակերպությունների ցանկը
ԱՀՀՀ-ն (Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունները) ներառում է Արգենտինայի բոլոր հայկական կազմակերպությունները:
- Հայ Եկեղեցու Վարչական հիմնարկ-Արգենտինայի հայկական կենտրոն,
- «Արմենիա» մշակութային ասոցիացիա,
- «Արմենիա» ազատական դեմոկրատական կազմակերպություն,
- «Արմենիա» մշակութային միություն,
- Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ),
- Շարյում Հայ մշակութային միություն,
- Հայաստան հիմնադրամ,
- Արարատ օթյակ,
- Հարավային Ամերիկայի բարեգործության հայկական քաղաքացիական ասոցիացիա «ՀՈՄ»,
- Արգենտինա-Հայկական Առեվտրաարդյունաբերական Պալատ,
- Ռոսարիոյի ազգային համալսարանի հայկական ամբիոն,
- Ռոսարիոյի հայ բնակչություն,
- «Արզումանյան» հիմնադրամ,
- «Վիսենտե Լոպես» հայկական դպրոց,
- Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամ,
- Հայաստանի Երիտասարդական Կենտրոն,
- Հայկական մշակութային միության երիտասարդներ,
- ՀԲԸՄ երիտասարդական լիգա,
- Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպություն,
- Մարաշի Հայ հայրենակցական միություն,
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական ընդհանուր միություն «ՀՄԸՄ»,
- ԱՄՀ Արմենիա Երիտասարդական Միություն,
- Այնթապի Հայ հայրենակցական միություն,
- Հաճընի հայ բնակիչների միություն,
- Հայ գաղթականների ներկայացուցչական խումբն Արգենտինայում (ՀԳՆԽԱ)