Արգենտինա
Արգենտինայի հայկական համայնքը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին՝ թուրքական իշխանությունների կողմից 1909 թ. Ադանայում իրականացված ջարդերից հետո: 1914 թ. Արգենտինայում բնակվել է շուրջ 2000 հայ: 1922-1930 թթ. Կիլիկիայից և Իզմիրից (Զմյուռնիա) գաղթած հայերը համալրել են համայնքը:
Հայերի հոսքը Արգենտինա մեծ չափերի է հասել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Շուրջ 10 հազար հայ Արգենտինա է ներգաղթել Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից և Ֆրանսիայից, 1952-1953 թթ. 1000 հայ Ռումինիայից և Բուլղարիայից, 1955 թ. 4 հազար` Թուրքիայից:
1962 թ. Արգենտինայում բնակվել է 40 հազար հայ: Ներկայումս հայերի թիվը կազմում է շուրջ 120 000, որոնց մեծ մասը կենտրոնացած է Բուենոս Այրեսում, 7000-ը՝ Կորդոբայում: Փոքրաթիվ հայկական համայնքներ կան Ռոսարիոյում և Մար դել Պլատայում՝ յուրաքանչյուրում 500 հայ, ինչպես նաև Միսիոնես, Մենդոսա, Նեուկեն, Ռիո Նեգրո նահանգներում:
Արգենտինահայերը հիմնականում միջին կարգի գործարարներ են, զբաղվում են առևտրով, արհեստով, ընդգրկված են թեթև և ծանր արդյունաբերության, գյուղատնտեսության, սպասարկման և այլ ոլորտներում, մեծաթիվ են պետական ծառայողները, գիտության բնագավառի ներկայացուցիչները, դասախոսները, բժիշկները, իրավաբանները, արվեստի գործիչները:
Հայտնի հայերից են երկրի զինվորական ակադեմիայի հիմնադիր ու առաջին տնօրեն Յանոշ Ցեցը, գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանը, ԱՀ արդարադատության նախկին նախարար, Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, բժիշկ-վարակաբան Դանիել Ստամբուլյանը, կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանը, նկարիչ Խորխե Դեմիրջյանը, թենիսիստ Դավիթ Նալբանդյանը և այլոք։
Արգենտինահայերն ապրում են աշխույժ հասարակական կյանքով։ Այստեղ գործում են բազմաթիվ հայրենակցական, մշակութային միություններ, երիտասարդական կազմակերպություններ, ավանդական կուսակցություններին կից կառույցներ, ընկերություններ, պարախմբեր, երգչախմբեր:
Ռոսարիոյում է գտնվում «Հայ կենտրոն»-ը, Մար դել Պլատայում՝ «Հայ տուն»-ը: Բուենոս Այրեսում գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ:
Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ՀԲԸՄ Մարի Մանուկյան, Խրիմյան կրթական հաստատությունները, Մխիթարյան վարժարանը, Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցը, Արծրունի և Սահակ Բագչեջյան վարժարանը:
1968 թ.-ից Բուենոս Այրեսում գործում է հայ-արգենտինյան դպրոցը: Այն պատկանում է Բուենոս Այրես քաղաքի կառավարությանը (Երևանի Արգենտինյան Հանրապետության դպրոցի քույր կրթօջախն է) և գործում է պետական ծրագրով: Աշակերտներն արգենտինացիներ են, որոնց տրվում են գիտելիքներ Հայաստանի պատմության և մշակույթի մասին, ուսուցանվում են հայկական երգեր և պարեր:
Արգենտինայում լույս են տեսնում հայկական թերթեր, ակտիվ գործում են լրատվական կայքեր:
Արգենտինայի հայ համայնքն ազդեցիկ է և մեծ հեղինակություն է վայելում երկրում՝ համարվելով ամենակազմակերպված ու բարեկեցիկ ազգային փոքրամասնություններից մեկը: Արգենտինահայ համայնքը մեծ դերակատարություն ունի հայ-արգենտինական կապերի սերտացման գործում:
Արգենտինայի տարբեր քաղաքներում կան հայկական տեղանուններով փողոցներ, հրապարակներ, ինչպես՝ Պալերմոյի հայկական թաղամասում գտնվող «Արմենիա» փողոցը, որտեղ տեղակայված են համայնքային բոլոր կառույցների կենտրոններն ու հավաքատեղիները, Կորդոբայում՝ եկեղեցուն և «Հայ կենտրոնին» կից «Զորավար Անդրանիկ» փողոցը։
Կան հրապարակներ, ինչպես՝ Բուենոս Այրեսի «Հայաստանը», «Արարատը», «Հայ ներգաղթյալների» հրապարակը, ինչպես նաև Պալերմոյի այգիներում տեղակայված հայկական հրապարակը, որտեղ 2004 թ. Կարագյոզյան ընտանիքի կողմից կանգնեցվել է Հայաստանին նվիրված խաչքար։ Բուենոս Այրեսի Վիսենտե Լոպես թաղամասում և Առաջնորդարանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարեր, իսկ Ծիծեռնակաբերդի համալիրի կրկնօրինակ փոքր հուշարձան շատրվանը՝ «Արմենիա» հրապարակում։
Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2007 թ. հունվարի 10-ին, երբ նախագահ Նեստոր Կիրշները ստորագրել է օրենք` Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կատարված Ցեղասպանության ընդունման մասին, և ապրիլի 24-ը հայտարարել «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի օր»: Արգենտինան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը նաև Սենատի որոշումներով, հռչակագրով, հայտարարություններով և օրինագծերով: