Արաբական Միացյալ Էմիրություններ
Դեռևս 16-րդ դարում Ծոցի տարածաշրջանում արևելքի և արևմուտքի միջև իրականացվող առևտրի հիմնական կազմակերպիչները հայ վաճառականներն էին: Արդի շրջանում հայերն Արաբական Միացյալ Էմիրություններում սկսել են հաստատվել 1960-ականներից` աշխատանքային միգրանտների կարգավիճակով՝ ներգաղթելով Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Հայաստանից, Ռուսաստանից, մի շարք եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից:
Հայերի հոսքն ԱՄԷ աստիճանաբար ավելացավ և 1980-ականներից ձեռք բերեց համայնքին բնորոշ առանձնահատկություններ։ Սկզբնական շրջանում ԱՄԷ-ում ձևավորվեց հայկական 2 համայնք` Շարժա-Դուբայում (բնակվում էր hայերի ավելի քան 80%-ը) և Աբու Դաբիում (20%-ը): Ներկայումս որոշակի թվով հայեր են բնակվում նաև Հյուսիսային Էմիրություններում (Ալ-Ֆուջեյրա, Աջման, Ռաս Ալ-Խայմա, Ումմ Ալ-Քուվեյն):
Այսօր ԱՄԷ-ում բնակվող հայերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 8000-10000 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը պաշտոնավարում է տարբեր հիմնարկություններում, կան նաև բարձր պաշտոն զբաղեցնողներ:
Հայերի մոտ 10%-ը գործարարներ են, անձնական առևտրով զբաղվողներ: Կան նաև ճարտարապետներ, տնտեսագետներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ, բժիշկներ և ուսուցիչներ:
Չնայած քաղաքացիության տրամադրման արգելքին` պետության կողմից հայ հանրությունը դիտարկվում է իբրև կրոնական համայնք (ալ-ջալիյա ալ-արմանիյա): Գործելով պատմական ազգային սահմանադրության շրջանակներում` փաստացիորեն այն ղեկավարվում է հոգևոր-կրոնական իշխանության կողմից, որն էլ պետության մոտ համայնքի ներկայացուցիչն է: Համայնքի բարձրագույն և օրենսդիր կառույցը թեմական ժողովն է, իսկ գործադիր մարմինները տեղերում ձևավորվող ազգային վարչություններն են:
Ներկայումս ԱՄԷ-ում գործում են Աբու Դաբիի, Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունները, ՀՕՄ-ը, ՀԲԸՄ-ն, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄԷ-ի շրջանային վարչությունը:
ԱՄԷ-ում կա 2 եկեղեցի՝ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (1998 թ.) և Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին (2012 թ.), որոնք գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ:
Համայնքի և նրա կառույցների մաս են կազմում նաև հայ կաթոլիկ և ավետարանական եկեղեցու հետևորդները, ովքեր սեփական կառույցներ չունեն և հիմնականում այցելում են հայ առաքելական եկեղեցի։
Համայնքում գործում է 2 կիրակնօրյա վարժարան՝ Շարժայի Օհաննեսյան և Աբու Դաբիի Արա Խանոյան վարժարանները: