Իրան
Հայ-իրանական առնչություններն սկզբնավորվել են դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակում և ներառել ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներ: Իրանում հայկական նոր գաղութներ առաջացել են 11-րդ դարից սկսած: Իր չափերով և հետևանքներով աննախադեպ էր հատկապես Շահ Աբբաս 1-ինի (1587-1629թթ.) կողմից կազմակերպված զանգվածային բռնագաղթը, որի արդյունքում 150-200 հազար մարդ հաստատվեցին մայրաքաղաք Սպահանում և շրջակա գավառներում:
Ներկայումս Իրանում բնակվում է շուրջ 60-80.000 հայ: Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է: Իրանում հայերը հիմնականում քաղաքաբնակներ են, ապրում են Թեհրանում, Սպահանում և նրա հարակից շրջաններ` Շահինշահրում, Փերիայում, ինչպես նաև Թավրիզում, Ուրմիայում, Արաքում, Էնզելիիում, Ռեշտում, Ղազվինում, Ահվազում, Աբադանում և Շիրազում: Իրանահայերի հիմնական մասը արհեստավորներ, գործարարներ ու առևտրականներ են: Կան մեծ թվով մտավորականներ՝ բժիշկներ, իրավաբաններ, ճարտարագետներ, ճարտարապետներ, ուսուցիչներ, դասախոսներ, ինժեներներ, պետական հիմնարկների ծառայողներ և այլն:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Իրանում ունի երեք թեմ` Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի: Երեք թեմերից յուրաքանչյուրն ինքնուրույն միավոր է, որոնք գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության իրավասության ներքո: Երեք թեմերն էլ պետության կողմից ճանաչվում են որպես համայնքի հոգևոր և աշխարհիկ իշխանություններ:
Համայնքի թեմերն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ու ավանդույթների, ինչպես նաև իրենց կանոնադրությունների հիման վրա գործող վարչական մարմինների որոշումների համաձայն: Թեև Իրանի հայ համայնքի իրավական կարգավիճակը, ըստ սահմանադրության, ոչ թե «Իրանի քաղաքացի», այլ «կրոնական փոքրամասնություն» ձևակերպմամբ է բնորոշվում, Իրանում հայերն ունեն քաղաքացիություն և սեփականություն ունենալու իրավունք։
Հյուսիսային կամ Ատրպատականի թեմն իրանահայության հնագույն թեմն է: Այն հիմնվել է 1247թ.՝ Կոստանդին Բ Բարձրաբերդ կաթողիկոսի կոնդակով: Ատրպատականի թեմը անմիջական սահման ունի Հայաստանի Հանրապետության հետ: Այս թեմի նախկին անունը մինչև 1833թ. եղել է Ատրպատականի թեմ: 1833թ. թեմը վերանվանվել է Թավրիզի թեմ:
Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդանիստ կենտրոնը Թավրիզի Ս. Աստվածածին եկեղեցին է: Վարչականորեն թեմը բաժանվում է երեք նահանգների՝ Արևելյան Ատրպատական (Թավրիզ կենտրոնով), Արևմտյան Ատրպատական (Ուրմիա կենտրոնով) և Արդեբիլ նահանգ (Արդեբիլ կենտրոնով): Հյուսիսային կամ Թավրիզի թեմի տարածքում են գտնվում հայ ճարտարապետական այնպիսի արժեքավոր հուշարձաններ, ինչպիսիք են նշանավոր Ս. Թադեոս Առաքյալի (Ս. Թադեի, որն իր շրջակայքով պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թեհրանի հուշարձանների պահպանության ինստիտուտի կողմից), Ս. Ստեփանոս Նախավկայի և այլ վանքեր:
Թեհրանի կամ Կենտրոնական թեմն Իրանի ամենաերիտասարդ և ամենամեծ թեմն է: Այն կազմավորվել է 1944թ.-ին` առանձնանալով Իրանա-Հնդկաստանի թեմից: Թեհրանի Հայոց թեմի առաջնորդանիստ կենտրոնը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցին է (1973թ.-ից): Թեհրանի Հայոց թեմն ընդգրկում է Իրանի մայրաքաղաք Թեհրանն իր շրջակայքով, Արաքը, Համադանը, Մեշհեդը, Գորգանը, Ռեշտը, Սարին, Էնզելին, Ղազվինը, Բախթարան (նախկին՝ Քերմանշահ):
Թեմի եկեղեցիներից են՝ հնագույնները՝ Ս. Գևորգ, Ս. Թադեոս–Բարդուղիմեոս եկեղեցիները: Վերջին 35 տարիների ընթացքում կառուցվել են Ս. Թարգմանչաց, Ս. Սարգիս, Սրբոց Վարդանանց, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցիները:
Սպահանի կամ Հարավային Իրանի հայոց թեմը մինչև 1960թ.-ը կոչվել է Իրանա – Հնդկաստանի թեմ, ապա՝ Սպահանի և Հարավային Իրանի թեմ, իսկ 1995թ.-ից՝ Սպահանի թեմ: Սպահանի Հայոց թեմը կազմավորվել է 1606թ., երբ Շահ Աբբաս 1-ինը բռնագաղթված հայերին բնակեցրեց Սպահանում, որտեղ նրանք կառուցեցին Նոր Ջուղա հայկական ավանը:
Թեմի առաջնորդանիստ կենտրոնը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքն է: Թեմի ներկայիս վարչական սահմանների մեջ մտնում են Սպահանը (որի մեկ շրջանն է Նոր Ջուղան), Շահինշահր նորակառույց քաղաքը, Փերիայի գավառը, Շիրազը և Խուզեստանը:
Նոր Ջուղայում կան 17-րդ դարում կառուցված երկու վանքեր` Ս. Ամենփրկչյան և Ս. Կատարինյան (կուսանաց մենաստան) և 9 եկեղեցիներ` Ս. Աստվածածին, Ս Հակոբ, Ս. Գևորգ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հովհաննես Մկրտիչ, Ս. Մինաս, Ս. Նիկողայոս: Հիշյալ եկեղեցիներից ոչ բոլորն են գործում: Ս. Ամենափրկիչ վանքին կից գործում է 1636թ. հիմնված տպարանը, «Ս. Ներսես Շնորհալի» գրադարանը:
Իրանահայ թեմերի ազգային օրենսդիր գերագույն մարմինը պատգամավորական ժողովն է, որի անդամներն ընտրվում են 4 տարին մեկ և կազմավորում է բարձրագույն գործադիր մարմինը` թեմական խորհուրդը (ընտրվում է 2 տարով): Համայնքը ղեկավարվում է թեմական խորհրդի կողմից, որն արտոնված է տնօրինելու համայնքի կյանքը: Թեմական խորհուրդն իր հերթին կազմավորում է տարբեր օժանդակ մարմիններ և հանձնախմբեր:
Իրանում կան նաև հայ կաթոլիկների և ավետարանականների համայնքներ, որոնք շատ փոքր թիվ են կազմում:
Իրանում հայկական առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու միությունները ձևավորվել են 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին: Ներկայումս գործող ազգային քաղաքական կազմակերպություններն են ՀՅԴ-ն և Հայկական ժողովրդային շարժումը (Հայկական ժողովրդական միություն (ՀԺՄ)):
Իրանահայ համայնքը ԻԻՀ Մեջլիսում ներկայացված է երկու պատգամավորներով։ Նրանցից մեկը ներկայացնում է Թեհրանն ու հյուսիսային իրանահայությանը, մյուսը՝ Սպահանը և հարավային իրանահայությանը։ Մեջլիսի հայ պատգամավորների գործունեությունը կենտրոնացվում է հայ համայնքի՝ որպես կրոնական փոքրամասնության իրավունքների հարցերի շուրջ։
Կրթադաստիարակչական, մշակութային և բարեսիրական գործունեություն են ծավալում Համազգային մշակութային միության, ՀՕՄ–ի, ՀԲԸՄ–ի, ՀՄԸՄ-ի մասնաճյուղերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը, Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերությունը, Հայ մշակութային «Սիփան» միությունը, Հայ կին միությունը, Իրանահայ ազգային միությունը, Իրանահայ ազգային և մշակութային միությունը, Հայ կանանց գթության միությունը, Հայ ուսումնասիրաց Չհարմահալ միությունը, Հայ համալսարականների ընդհանուր միությունը և այլն:
Տարածաշրջանի հայ համայնքներում գործածական լեզուն արևմտահայերենն է, բացառությամբ՝ Իրանի հայ համայնքի, որտեղ օգտագործում են արևելահայերենը՝ դասական ուղղագրությամբ: Իրանում ներկայումս գործում են շուրջ 30 հայկական դպրոցներ (արական, իգական, երկսեռ, տարրական, միջնակարգ) և նախակրթարաններ: 1995թ.-ից Թեհրանի «Ազատ» համալսարանի և Սպահանի համալսարանի գրականության ֆակուլտետներին կից գործում են հայագիտական ամբիոններ։
Իրանում առաջին հայերեն պարբերականն է «Շավիղը» (հիմն. 1894թ.-ին Թեհրանում): Ներկայումս լույս են տեսնում ՀՅԴ «Ալիք» օրաթերթը (1931թ.-ից), «Հույս» երկշաբաթաթերթը (2007թ.-ից), «Արաքս» գրական, մշակութային, հասարակական շաբաթաթերթը (1987թ.-ից), «Լույս» հասարակական և մշակութային ամսագիր, «Ապագա» հայ-իրանական մշակութային և հասարակական եռամսյա հանդես, «Պայման» պարսկալեզու պարբերականը, Ատրպատականի Հայոց թեմի պաշտոնաթերթ «Արտազը», Սպահանի առաջնորդարանի համայնքային հասարակական և մշակութային պարբերաթերթ «Նոր Ջուղայի տեղեկատու»: Գործում է նաև ԻԻՀ ռադիոհեռուստատեսության «Հայերեն ռադիոժամը»:
Իրանում գործում են նաև տպարաններ, գրադարաններ, հրատարակչություններ: 1962թ.-ից գործում է Իրանի հայ գրողների միությունը: Կան թատրոն, երաժշտական խմբեր և պարախմբեր:
Հայ-իրանական տնտեսական հարաբերություններում իր ուրույն տեղն ունի «Իրան-Հայաստան» առևտրական պալատը, որի անդամներն են ինչպես հայ գործարարները, այնպես էլ իրանցիները:
2007թ.-ից հայ և պարսիկ մտավորականների ու գործարարների մասնակցությամբ գործում է Իրան–Հայաստան բարեկամական միությունը: