Իսրայել
Հայաստանն ու հայերն Իսրայելի հետ կապեր են ունեցել վաղ ժամանակներից, հատկապես՝ Տիգրան Մեծի օրոք, երբ այդ երկիրը մի կարճ ժամանակով հայտնվեց հայոց թագավորի գերիշխանության տակ։
Հայերի նկատելի հոսքը Պաղեստին սկսվել է քրիստոնեության տարածման առաջին դարերից. արդեն IV դարում հայերը Երուսաղեմում հիմնել են եկեղեցիներ ու վանքեր: Հայ աշխարհիկ համայնքը Սրբազան քաղաքում կազմավորվել է ավելի ուշ՝ VII դարում, երբ այստեղ մուտք են գործել հայ վաճառականներն ու արհեստավորները, որոնք հիմնականում բնակվում էին Սիոն թաղամասի «Հայկական» կոչված փողոցում: Կիլիկյան հայոց թագավորների օրոք հայերն ավելի են ամրացել Երուսաղեմում. նրանց թիվն ավելացել է հատկապես 1894-1896 թթ. Համիդյան ջարդերի, այնուհետև՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության հետևանքով։
Հատկանշական է, որ դարերի ընթացքում հայերը, այդ թվում` հայոց վանական միաբանությունը, ձգտել են պահպանել ազգային դիմագիծն ու ինքնությունը, եկեղեցական ուրույն առանձնահատկությունները, որի արդյունքում չեն տարրալուծվել ընդհանուր քրիստոնեական համայնքի մեջ, ինչպես կաթոլիկներն ու ուղղափառները, այլ ապահովել են ինքնուրույն ներկայացվածություն: Դրա արդյունքում Սրբազան քաղաքում հայությունը հպարտորեն աշխարհին է ներկայանում իր անունը կրող պատմական թաղամասով:
Երուսաղեմի հայկական թաղամասը, որը Հին քաղաքի չորս (քրիստոնեական, մուսուլմանական, հրեական և հայկական) թաղամասերից մեկն է, 9-րդ դարում արդեն իսկ զբաղեցրել էր իր ներկայիս` շուրջ 150 հազ. քմ տարածքը (Հին քաղաքի տարածքի մոտ 1/5-րդը):
1700 տարուց ավելի հայկական բուրվառը տարբեր ժամանակահատվածներում ծխացել է Սուրբ երկրի 7 տասնյակից ավելի հայկական վանքերում և եկեղեցիներում: Երուսաղեմի հայկական թաղամասում է տեղակայված Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը` Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը (7-րդ դար, աթոռանիստը` Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք): Սրբոց Հակոբյանց վանական միաբանության գլուխ կանգնած է Սրբոց Հակոբյանց առաքելական աթոռի գահակալ պատրիարքը կամ, ինչպես ընդունված է ասել, Երուսաղեմի Հայոց Պատրիարքը: Ներկայումս Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավասության տակ են Իսրայելի և Հորդանանի հայկական եկեղեցիները:
Սրբոց Հակոբյանց վանքի բերդանման պարիսպների ներսում գտնվում և մինչ օրս գործում են նաև Սրբոց Հակոբյանց Մայր տաճարը` կից մատուռներով, եկեղեցիներով, հոգևորականների, աշխարհականների և ուխտավորների բնակության թաղերը, ձեռագրատունը, տպարանը (1833 թ.), «Էդուարդ և Հելեն Մարտիկյան» թանգարանը, Գյուլբենկյան մատենադարանը (1932 թ.), Ժառանգավորաց վարժարանը և ընծայարանը (1843 թ.), Սրբոց Թարգմանչաց վարժարանը (գործում է 1929-ից) և այլն: Ներկա պահին Սրբոց Հակոբյանց վանքի ձեռագրատանը (ձեռագրաց մատենադարան) պահվող հայերեն ձեռագրերի (մատյանների) ընդհանուր թիվը 4000-ից ավելի է։ Այն իր մեծությամբ աշխարհում երկրորդ լավագույն հավաքածուն է (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից հետո):
Ներկայումս Իսրայելում փաստացի բնակվում է շուրջ 10000 հայ` հիմնականում Երուսաղեմում, նաև Թել Ավիվում, Հայֆայում, Պետախ Տիկվայում, Աշդոդում և այլուր։ Հայեր կան նաև Արևմտյան ափում, մասնավորապես` Բեթլեհեմում։
Իսրայելում ապրող հայերին կարելի է բաժանել երկու հիմնական՝ հայերի հին և նոր խմբերի։
Հին խմբերը ներգաղթել են Իսրայել IV դարում և 1915 թ. ցեղասպանությունից փրկվածներն են։ Նրանք մեծամասամբ բնակվում են Երուսաղեմում, նաև Հայֆայում, Յաֆֆայում, մի քանի ընտանիքներ՝ պաղեստինյան ինքնավարության տարածքում: Նոր խմբերն ունեցել են հրեական արմատներ կամ ամուսնական կապեր հրեաների հետ: Նրանք հիմնականում բնակվում են Թել Ավիվում, Հայֆայում, Իսրայելի հյուսիսային շրջաններում, մի քանի տասնյակ ընտանիքներ` Իսրայելի հարավային շրջաններում:
Իսրայելում ապրող հայերի մեջ զգալի թիվ են կազմում դերձակները, ժամագործները, ոսկերիչները, արհեստավորները, լուսանկարիչները, հախճապակեգործները, մտավորականները, բժիշկները, իրավաբանները, առևտրականները և ձեռնարկատերերը:
Իսրայելում գործում են 2 քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ-ի և ՌԱԿ-ի տեղական մարմինները, հայկական դպրոցներ, ՀՄԸՄ-ի (1935 թ.), ՀԵՄ-ի (1933 թ.), ՀՕՄ-ի մասնաճյուղերը, հասարակական, մշակութային, երիտասարդական, այլ կազմակերպություններ:
Երուսաղեմում պաշտոնապես գործող հայկական կազմակերպություններից հնագույնը Երուսաղեմի հայոց բարեսիրական միությունն է՝ հիմնված դեռևս Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Այն ունի իր հավաքատեղին, ծավալում է հասարակական, բարեգործական և մշակութային գործունեություն։
Երուսաղեմը հայ տպագրության խոշոր կենտրոններից է: 1833 թ. Զաքարիա Կոփեցի պատրիարքի ջանքերով այստեղ հիմնադրվել է հայկական տպարան: Լույս են տեսնում «Սիոն» ամսագիրը (1866 թ.), «ՀԵՄ» եռամսյա պաշտոնաթերթը (1977 թ.):