Քուվեյթ
20-րդ դարի 50-ական թթ. կեսերին աշխատանք գտնելու նպատակով Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Պաղեստինից, Հորդանանից և Իրանից Քուվեյթ են տեղափոխվել բազմաթիվ հայեր:
Ժամանակի ընթացքում այստեղ ձևավորվել է լավ կազմակերպված, գրեթե ամբողջությամբ հայախոս և հայաշունչ համայնք: 1950-ականների կեսերից, երբ հայերի թիվն անցավ 1000-ը, սկսեցին կազմավորվել առաջին համայնքային կառույցները:
Քուվեյթում և Ծոցի այլ երկրներում 20-րդ դարի կեսերից ձևավորված հայ համայնքները, ի տարբերություն արաբական այլ երկրների համայնքների, կազմավորվել են ոչ թե բնօրրանից՝ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերից, այլ միանգամայն նոր երևույթի՝ սփյուռքահայության վերարտադրության շնորհիվ։
Այսօր Քուվեյթում բնակվում է շուրջ 4000 հայ: Հայ համայնքը կենտրոնացած է միայն մայրաքաղաք Էլ-Քուվեյթում, որոնց գերակշիռ մասն ապրում է Հավալի համայնքում, որի մաս կազմող ալ-Սալմիյա շրջանում է գտնվում նաև Սուրբ Վարդանանց եկեղեցին: Այստեղ են գործում համայնքային բոլոր մարմինները, Ազգային վարժարանը:
Քուվեյթում հայերը ներկայացված են որպես ազգային համայնք, գրեթե բոլորը հայախոս են:
Քուվեյթահայերի 70%-ը սիրիահայեր են, մնացածը՝ Լիբանանից և այլ երկրներից տեղափոխվածներ: Լիբանանցի հայերը հիմնականում Այնճարից են՝ մուսալեռցիներ:
Բարձրագույն գործադիր մարմինն Ազգային վարչությունն է, որը ղեկավարում է համայնքային կյանքը: Համայնքում գործում են սկաուտական, պատանեկան, երիտասարդական, բարեգործական միություններ, ինչպես նաև Հայ դատի և մշակութային խմբեր և այլն:
Քուվեյթահայերը հիմնականում ներգրավված են առևտրի, արհեստագործության, սպասարկման ոլորտներում, կան նաև բժիշկներ, բանկային ծառայողներ, ոսկերիչներ և ադամանդագործներ, ուսուցիչներ և այլն:
Համայնքն ինտեգրված է քուվեյթյան իրականության մեջ: Այն վայելում է երկրի իշխանության հարգանքը։ Վերջիններս բարձր են գնահատում հայերի գործունեությունը հատկապես երկրի տնտեսության տարբեր ոլորտներում և չեն խոչընդոտում նաև համայնքի ազգային-մշակութային գործունեությանը:
Հայերն այս երկրում ճանաչված են որպես հմուտ արհեստավորներ, վստահելի և հավատարիմ գործընկերներ և մասնագետներ:
Ներկայումս Քուվեյթում գործում են Քուվեյթի Ազգային վարչությունը, ՀՕՄ-ը, ՀՄԸՄ-ն, Քուվեյթի Համազգային հայ կրթական միությունը: