Բուլղարիա
Բուլղարիայի տարածքում հայերը հաստատվել են դեռևս 5-7-րդ դարերում:
Ներկայիս համայնքը ձևավորվել է հիմնականում Համիդյան ջարդերից և 1915 թ. Հայոց ցեղասպանությունից փրկված, ինչպես նաև ՀՀ-ից տեղափոխված հայերից. նրանց թիվը շուրջ 30000 է:
Բուլղարիայում հայերը համարվում են ազգային փոքրամասնություն:
Հայաշատ քաղաքներն են Պլովդիվը, Սոֆիան, Բուրգասը, Վառնան, Ռուսեն, Շումենը, Դոբրիչը, Սիլիստրան, Խասկովոն, որտեղ գործում են տասնյակ հայկական կառույցներ, ԶԼՄ-ներ, գրադարաններ, մշակույթի տներ, մեկօրյա դպրոցներ, ինչպես նաև ամենօրյա դպրոց Պլովդիվում:
Բուլղարիայում ստեղծվել է Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհուրդ, որում ընդգրկված են հայկական հասարակական-մշակութային բազմաթիվ կառույցներ:
Բուլղարիայում գործում է 11 հայ առաքելական եկեղեցի, ինչպես նաև` ավետարանականների/բողոքականների եկեղեցական կառույցներ:
2009 թ. նոյեմբերին Բուլղարիայում՝ Վելիկո Տարնովո քաղաքում, հնագիտական պեղումների ժամանակ գտնվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի: Համաձայն պատմաբանների պնդումների և 1588 թ. փաստաթղթերի` ներկայիս եկեղեցու տեղում ի սկզբանե եղել է Կաթողիկե եկեղեցի, որն ավելի ուշ գտնվել է Բուլղարիայում ապրող հայերի կողմից, ովքեր էլ 17-րդ դարում կառուցել են Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին:
Հայերը հիմնականում ընդգրկված են արդյունաբերության, առևտրի, շինարարության, տրանսպորտի, ֆինանսների և կրթության ոլորտներում:
Վառնա քաղաքում ապրել է Զորավար Անդրանիկը, որի տունը Բուլղարիայի հայերի միության ջանքերով այսօր դարձել է թանգարան:
Բուլղարիայի Հանրապետության խորհրդարանը 2015 թ. ապրիլի 24-ին ընդունել է հայերի կոտորածների ճանաչման և դատապարտման բանաձև (չի նշվել ցեղասպանության մասին):