Գերմանիա
Գերմանիայի տարածքում, որոշ աղբյուրների համաձայն, հայերը հաստատվել են 14-15-րդ դարերում, սակայն համայնքներ սկսել են ձևավորվել 19-րդ դարի վերջին: Հայերի թվաքանակն աճել է հատկապես Հայոց ցեղասպանությունից, Երկրորդ համաշխարհային պատերազմից և ԽՍՀՄ փլուզումից հետո հայերի ներգաղթի արդյունքում՝ ներկայում կազմելով շուրջ 50-60 հազարի:
Հայաշատ ամենամեծ համայնքը Քյոլնում է: Հայաշատ քաղաքներ են նաև Բեռլինն ու Ֆրանկֆուրտը, սակայն մեծ թվով հայեր բնակվում են գրեթե բոլոր խոշոր քաղաքներում:
Երկրում գործում են տասնյակ հայկական կառույցներ, այդ թվում՝ եկեղեցիներ, մեկօրյա դպրոցներ և լրատվամիջոցներ:
Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը հիմնվել է 1991 թ. Քյոլնում, որտեղ գտնվում է նաև առաջնորդարանը: Նրա հովանու ներքո գործում է եկեղեցական 14 համայնք, որոնք հիմնականում գտնվում են մեծ քաղաքներում: Հայկական եկեղեցիներ են են գործում Քյոլնում (Սուրբ Սահակ-Մեսրոպ), Հալլեում (Սուրբ Հարություն եկեղեցի) և Գյոփինգենում (Սուրբ Խաչ): Մյուս քաղաքներում եկեղեցական արարողություններն անցկացվում են հիմնականում գերմանական եկեղեցիներ վարձելով։
Գերմանիայում գործում է նաև հայ ավետարանականների փոքրաթիվ համայնք:
Հայերն այստեղ ակտիվ են հատկապես կրթության, գիտության, առևտրի և առողջապահության ոլորտներում:
Գերմանիայում հայերը համարվում են կրոնական փոքրամասնություն:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահը 2015 թ. ապրիլի 23-ին «հայկական կոտորածներ» հայտարարությամբ է որակել է հայերի ցեղասպանությունը, իսկ 2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: