Հունաստան
Հունաստանում հայերը հաստատվել են դեռևս 5-7-րդ դարերում: Այսօր երկրում ապրում է շուրջ 30 հազար հայ, որոնց մեծ մասը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են:
Հայերը հիմնականում կենտրոնացված են Աթենք, Սալոնիկ, Ալեքսանդրուպոլիս, Կոմոտինի, Կավալա, Քսանթի, Օրեստիադա, Դիդիմոտիխո քաղաքներում, ինչպես նաև Կրետե և Կոս կղզիներում: Հունաստանի հայ համայնքը ներկայացված է հայկական հոգևոր-մշակութային, հասարակական-քաղաքական հարուստ կյանքի գրեթե ողջ բազմազանությամբ։ Այստեղ գործում են շուրջ չորս տասնյակ հայկական կառույցներ, այդ թվում չորս ամենօրյա և 8 մեկօրա դպրոցներ, լրատամիջոցներ, մշակույթի կենտրոններ և խմբեր։ Համայնքի ղեկավար կառույցներն են Ազգային առաջնորդարանը և Ազգային վարչությունը։ Ազգային առաջնորդարանը ներկայացնում է հայ համայնքը պետության առջև։ Հունաստանի հայ համայնքում զգալի թիվ են կազմում արվեստագետները, ձեռնարկատերերը և բժիշկները:
Հունաստանի Հանրապետության պառլամենտն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև (1996թ.), իսկ 2014թ. պառլամենտն ընդունել է նաև «Խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի» մասին օրենք, համաձայն որի՝ երկրում քրեականացվել է հույների, պոնտացիների և հայերի ցեղասպանության ժխտումը: Հունաստանում հայերը համարվում են կրոնական փոքրամասնություն:
Ներկայումս Հունաստանում գործում է 11 Հայ Առաքելական, 1 Հայ Կաթողիկե և 1 Ավետարանական եկեղեցի: Երկրում իրենց գործունեությունն են ծավալում Էջմիածնի և Կիլիկիո Հայոց թեմերը: Եկեղեցիների առաջնորդարանները գտնվում են Աթենքում: