Իտալիա
Իտալիայի տարածքում, ըստ որոշ աղբյուրների, հայեր բնակվել են դեռևս հին Հռոմի ժամանակաշրջանից, սակայն հայկական համայնքներ ձևավորվել են հիմնականում 12-18-րդ դարերում և ստվարացել 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Իտալիայում բնակություն են հաստատել նաև Հայաստանից տեղափոխվածները և ներկայում հայերի թիվը հասել է շուրջ 5000-ի:
Ամենամեծ հայկական համայնքը Միլանում է, սակայն փոքրաթիվ համայնքներ կան Հռոմում, Պադովայում, Բոլոնիայում, Ուդինեում, Տրիեստում, Վենետիկում, Թուրինում և Ջենովայում:
Հայերը հիմնականում ներգրավված են կրթության, առողջապահության, առևտրի և մշակույթի ոլորտներում:
Վենետիկում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից տպագրվել է հայատառ առաջին գիրքը` «Ուրբաթագիրքը»: 1717 թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվել է Մխիթարյան միաբանությունը: 1836-1996 թթ. Վենետիկում գործել է Մուրատ-Ռափայելյան վարժարանը: 1843 թվականից ի վեև Վենետիկում հրատարակվում է Մխիթարյան Միաբանության «Բազմավեպ» գրական հանդեսը:
Երկրում գործում են տասնյակ հայկական կառույցներ։
Իտալիայում գործում են նաև Հայ Առաքելական և Կաթողիկե եկեղեցիները: Գործող են Վենետիկի Ս. Խաչ, Հռոմի Ս. Նիկողայոս կաթողիկե եկեղեցիները, ինչպես նաև Միլանի Ս. Քառասուն Մանկունք և Հռոմի Ս. Վլաս առաքելական եկեղեցիները:
Իտալիայի հայերի միության կանոնադրությունը պաշտոնապես վավերացվել է Իտալիայի Հանրապետության նախագահի` 1955 թ. ապրիլի 2-ի որոշմամբ, որով միությունը ճանաչվել է որպես Իտալիայի՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և իտալական պետական հաստատությունների միջև կապող օղակ:
Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշում (2000 թ.), ինչպես նաև 100-ից ավելի քաղաքային խորհուրդ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Իտալահայերն ազգային փոքրամասնության իրավական կարգավիճակ չունեն: