Լիտվա
Լիտվայում հայերը բնակություն են հաստատել 13-րդ դարից, սակայն ժամանակակից հայ համայնքը սկսել է կազմավորվել 1950-ական թվականներին:
Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին Վիլնյուսում, Շյաուլյայում, Կլայպեդայում բնակություն են հաստատել բազմաթիվ հայ զինվորականներ:
Ներկայում Լիտվայի հայերը շուրջ 1400 են: Նրանք բնակվում են հիմնականում Վիլնյուսում, Կաունասում, Կլյապեդայում, Շյաուլյայում և Վիսագինասում։
Վիլնյուսում գործում է Լիտվայի հայերի միությունը, որում ներգրավված են տարբեր քաղաքներից ներկայացուցիչներ: Նշված քաղաքներում նույնպես ձևավորվել և գործում են համայնքային կառույցներ, Վիլնյուսում, Կաունասում, Կլյապեդայում նաև հայկական մեկօրյա դպրոցներ:
Լիտվայում հայերը ներգրավված են հիմնականում արդյունաբերության, կրթության, առևտրի, առողջապահության և մշակույթի ոլորտներում: Այստեղ նրանք համարվում են ազգային փոքրամասնություն:
Լիտվայի Հանրապետության Ասամբլեան ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշում (2005 թ.):
1994 թվականին ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու Լիտվայի հոգևոր համայնքը՝ «Սուրբ Վարդան» անունով, որից հետո ընտրվել է եկեղեցական խորհուրդ:
Վիլնյուսում գործում է պետության կողմից հայ համայնքին տրամադրված մատուռ, որտեղ պարբերաբար անցկացվում են պատարագներ: