Նորվեգիա
Նորվեգիայում հայերը բնակություն են հաստատել 1970-ական թվականներից հետո: Համայնքը ձևավորվել է հիմնականում Հայաստանից, Իրանից և Իրաքից գաղթած հայերի համախմբումով:
Հայերի մեծ մասը բնակվում է Օսլոյում, փոքրաթիվ համայնքներ կան նաև Բերգենում, Սթավանգերում, Թրոնդհայմում, Վեգորշայում և Տրոմսում:
Ներկայում հայերի թիվը շուրջ 1500 է: Գործում է Նորվեգիայի հայ մշակութային միությունը, որը ստեղծվել է 1989 թ.:
Նորվեգիայում հայկական եկեղեցի չկա, սակայն Վեգորշայ քաղաքում գործում է Սկանդինավիայի Հայ առաքելական եկեղեցու Նորվեգիայի հովվությունն իր Ծխական խորհրդով:
Հայերը հիմնականում ներգրավված են առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստագործության ոլորտներում և սպասարկման տարբեր ճյուղերում:
Նորվեգիայում հայ համայնքը չունի իրավական որևէ հատուկ կարգավիճակ:
Հայոց ցեղասպանության տարիներին և դրան հաջորդած ժամանակաշրջանում հայ գաղթականների վիճակի բարելավման համար հսկայական աշխատանք է կատարել նորվեգացի հայտնի գիտնական և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա նախաձեռնությամբ և օգնությամբ բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագիր», ինչը որոշ չափով թեթևացրել է նրանց վիճակը, հայրենադարձության կազմակերպման համար անհրաժեշտ միջոցներ են հավաքվել և հատկացվել 7 հազար հայ գաղթականների:
Նորվեգիայի Բերգեն քաղաքում 2007 թ. կանգնեցվել է խաչքար՝ ի հիշատակ հայ ժողովրդի բարեկամ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի և Հայոց ցեղասպանության զոհերի, իսկ Կրաղերո քաղաքում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ նորվեգացի միսիոներ Բոդիլ Կատարինա Բյորնի և Հայոց ցեղասպանության զոհերի: