Ռումինիա
Ռումինիայի հայ համայնքը Եվրոպայի հնագույն հայ համայնքներից մեկն է: Այստեղ հայերը բնակություն են հաստատել դեռևս 11-12-րդ դարերում։ Ժամանակի ընթացքում հայկական համայնքներ են ձևավորվել ռումինական պատմական շրջանների (Մոլդովա, Տրանսիլվանիա, Վալախիա և Դոբրոջա) տասնյակ քաղաքներում։ Ամենահին հայկական աղոթատեղին 1350 թվականին Բոտոշան քաղաքում կառուցված եկեղեցին է, որը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հիմնվել է հին փայտե եկեղեցու տեղում։ 14-20-րդ դարերում կառուցվել և մինչ օրս կանգուն են տասնյակ եկեղեցիներ, վանքեր և մատուռներ Սուչավա (այդ թվում՝ հռչակավոր Հաճկատար և Զամկա վանքերը), Յաշ, Բոտոշան, Ռոման, Տըրգու Օկնա, Գալաց, Ֆոքշան, Բրըյլա, Պիտեշտ, Կոնստանցա, Տուլչա քաղաքներում, մայրաքաղաք Բուխարեստում, ինչպես նաև Տրանսիլվանիայի Գեռլա, Դումբրըվեն, Գեորգեն և Ֆրումոասա քաղաքներում, որտեղ հայկական եկեղեցիները կաթոլիկ ուղղվածության են։ Գեռլան՝ նախկին Արմենոպոլիսը կամ Հայաքաղաքը, հիմնվել է 1700 թվականին մի քանի հազար հայերի կողմից, Դումբրըվենը՝ նախկին Եղիսաբեթուպոլիսը, նույնպես կառուցվել է այնտեղ տեղափոխված հայերի կողմից և անվանակոչվել թագուհու պատվին։ Ռումինահայ համայնքն ամենահարուստ հայկական ժառանգությունն ունեցող համայնքներից է, որի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) կայքի հայերեն բաժին (www.uniuneaarmenilor.ro)։
Դարերի ընթացքում հազարավոր հայեր են ապրել ռումինական քաղաքներում։ Հայ բնակչության թվաքանակը ստվարացել է հատկապես Համիդյան ջարդերից և Հայոց ցեղասպանությունից հետո՝ հասնելով շուրջ 30-40 հազարի։ Երկրում կոմունիստական ռեժիմ հաստատումից հետո նրանց զգալի հատվածը տեղափոխվել է այլ երկրներ, մի մասն էլ ժամանակի ընթացքում ձուլվել է: Այսօր Ռումինիայում պաշտոնապես ապրում է մինչև 2000 հայ, սակայն հայկական արմատներ ունեցողների թիվը քանիցս ավելին է:
Հայկական համայնքն օրենքով ամրագրված այն 20 էթնիկ փոքրամասնություններից մեկն է, որն իրավունք ունի մասնակցել խորհրդարանական ընտրություններին և հաղթահարելով բավականին ցածր ընտրական շեմը՝ իր ներկայացուցիչն ունենալ խորհրդարանում։ Փոքրամասնությունների խորհրդարանական խմբի ստեղծումից ի վեր այն ղեկավարում է ազգությամբ հայ պատգամավոր։ Ռումինիայի գործող օրենսդրությամբ՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից, որը կենսական նշանակություն ունի հայ համայնքի գործունեությունն ապահովելու և տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար։ Այդ միջոցառումներից է 2013 թվականից անցկացվող ամենամյա «Հայկական փողոց» եռօրյա փառատոնը (Festivalul Strada Armenească), որին մասնակցում են հազարավոր ռումինացիներ և ազգային փոքրամասնություններ։
Ռումինիայի Հայոց Միությունը պաշտոնապես ներկայացնում է հայ համայնքը և ունի մասնաճյուղեր 14 քաղաքներում:
Հայկական գլխավոր հաստատությունները Բուխարեստի կենտրոնում են: Արմենեասկը փողոցի վրա է գտնվում Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցին, Հայոց թեմի առաջնորդարանը, «Հովսեփ և Վիկտորյա Դուդյան» մշակույթի կենտրոնը, որտեղ գտնվում են հարուստ ժառանգություն ունեցող թանգարանը և գրադարանը, ՌՀՄ կենտրոնական գրասենյակը, «Արարատ» հրատարակչությունը, «Արարատ» (ռումիներեն, www.araratonline.com) և «Նոր կյանք» (երկլեզու՝ հայերեն և ռումիներեն) պարբերականների խմբագրությունը, Միսաքյան-Քեսիմյան մեկօրյա դպրոցը, «La Armeni» մշակույթի սրահը: