Մեքսիկա
Մեքսիկայում հայերի ներկայության մասին առաջին վկայությունը հանդիպում է 17-րդ դարի վերջերին: Կան վավերագրական տեղեկություններ, ըստ որոնց` հայերն այստեղ ապրել են դեռևս 19-րդ դարում՝ մինչև Հայոց ցեղասպանությունը, երբ գաղթականների որոշակի քանակ սկսել է տեղափոխվել Մեքսիկա:
20-րդ դարի 50-ական թթ. Մեքսիկայում հայերի թիվը գերազանցել է 5000-ը, իսկ համայնքը կազմակերպված է եղել սփյուռքի ավանդական համայնքների նմանությամբ՝ կուսակցական և համայնքային այլ կառույցների առկայությամբ: 60-70-ական թթ. համայնքի ճնշող մեծամասնությունը տեղափոխվել է ԱՄՆ, իսկ մյուսները դպրոցների և համայնքային այլ կազմակերպությունների բացակայության պատճառով հիմնականում ձուլվել են մեքսիկական հասարակությանը. չեն խոսում հայերեն, գնում են կաթոլիկ կամ ուղղափառ եկեղեցի, ունեն թույլ արտահայտված ազգային ինքնություն:
Արդի շրջանում Մեքսիկայի հայկական համայնքում հայերի թիվն ավելանում է Վենեսուելայից և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից ներգաղթողների հաշվին:
Այսօր Մեքսիկայում ապրում է շուրջ 3000 հայ: Հայերի մոտ մեկ երրորդը բնակվում է Մեխիկոյում. հիմնականում երկրի քաղաքացիներ են, կան սակավաթիվ աշխատանքային միգրանտներ և անօրինական բնակվողներ:
Տարածաշրջանի երկրների հայ համայնքների սոցիալական կազմը խայտաբղետ է՝ պետական ծառայողներ, մանր և խոշոր ձեռնարկատերեր, առևտրականներ, արհեստավորներ, գիտնականներ, բժիշկներ, շինարարներ, ոսկերիչներ, իրավաբաններ, մշակութային գործիչներ, մարզիկներ և այլն։
Մեքսիկայում կա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-ժամացույց: