Թամարա Թադևոսյան-Գելլեր
Ես Թամարա Թադևոսյան-Գելլերն եմ։ Ծնվել և մեծացել եմ Երևանում և 12 տարեկանում տեղափոխվել ԱՄՆ՝ Ֆիլադելֆիա: Ավարտել եմ Փենսիլվանիայի համալսարանը՝ հանրային առողջապահություն և հոգեբանություն մասնագիտություններով: Ուսմանս ընթացքում զբաղվել եմ բժշկական հետազոտություններով և աշխատել Ֆիլադելֆիայի հանրային առողջության վարչությունում: Ավարտելուց հետո հնարավորություն ընձեռնվեց հետազոտություն անցկացնել Թեմփլի բժշկական համալսարանում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիուտի կողմից։
Այնուհետև ղեկավարել եմ պետության կողմից ֆինանսավորվող և նորաստեղծ Գերազանցության կենտրոնը, որը ծառայում էր հղի և հետծննդաբերության շրջանում գտնվող կանանց, որոնք տառապում էին թմրամոլությամբ և գտնվում էին սոցիալապես անապահով կարգավիճակում:
Համագործակցել եմ բժիշկների, սոցիալական աշխատողների, համայնքային առողջապահության ոլորտի աշխատողների և բազմաթիվ այլ մասնագետների հետ՝ ցուցաբերելով կլինիկական օգնություն և հոգեբանական աջակցություն ինտեգրված մոտեցումներով:
Աշխատելու ընթացքում շարունակեցի ուսումս և ստացա հանրային առողջության մագիստրոսի աստիճան՝ կենտրոնանալով համաճարակաբանության վրա: Այդ ժամանակ ուսումնասիրել եմ ջրամատակարարման, սանիտարիայի և հիգիենայի, հոգեկան առողջության և համաճարակաբանության ոլորտները: Իմ թեզի վերաբերյալ գիտական աշխատանքի համար կիրառել եմ քարտեզագրական GIS գործիքներ, որպեսզի ուսումնասիրեմ շրջակա միջավայրի ազդեցությունը հանրային առողջության վրա:
Ազատ ժամանակ զբաղվում եմ յոգայով, մեդիտացիայով, մարտարվեստով և գրելով:
Ներկայումս աշխատում եմ Հայաստանի առողջապահության նախարարությունում և ընդգրկված եմ Հայաստանում առաջնային բուժօգնության ամրապնդման և բարեփոխման պաշտոնական աշխատանքային խմբի և այլ ծրագրերի մեջ: Բախտավոր եմ, որ այս տարի ունեցա հնարավորություն ընդգրկվել «իԳործ» ծրագրում և նպաստել Հայաստանի բարեկեցության և առողջապահության բարելավմանը: