Անահիտ Անթանյան
Ողջույն, ես Անահիտ Անթանյանն եմ և հայրենադարձվել եմ Միացյալ Նահանգներից: Երեք տարեկան էի, երբ ընտանիքս տեղափոխվեց Ռուսաստան։ Տարվա ինը ամիսներին այցելում էի Գիմնազիա-դպրոց և բալետի ակադեմիա, իսկ ամառային արձակուրդս անցկացնում Հայաստանում: Այստեղ ուսումնասիրում էի հայոց պատմությունն ու քերականությունը՝ կարդալով հայ նշանավոր հեղինակներին:
2010 թվականին իմ ընտանիքը նորից տեղափոխվեց, այս անգամ Լոս Անջելես՝ Կալիֆորնիա: Այնտեղ ես շարունակեցի իմ միջնակարգ կրթությունը՝ կենտրոնանալով երկրաչափություն, ԱՄՆ կառավարություն և քաղաքականություն և ֆրանսերեն լեզվի խորացված դասընթացների վրա: Իմ հիմնական հետաքրքրությունը, սակայն, միշտ եղել է մաթեմատիկան և արվեստը։ Առաջինի ճշգրտությունը, զուգորդված երկրորդի վերացականությամբ, դրդեց ինձ բացահայտելու ճարտարապետության թաքնված գանձերը:
Ես մասնագիտացել եմ Կալիֆորնիայի Վուդբերի համալսարանի ճարտարապետության և ինտերիեր դիզայնի ուղղություններով: Ուսմանս շրջանակներում մեկ կիսամյակ անցկացրել եմ Վենետիկում և խորասուզվել իտալական ճարտարապետական գլուխգործոցների գեղեցկության մեջ:
Հոդվածներ գրելը ևս իմ սիրած զբաղմունքներից է։ Ուսանողական տարիներին ես համալսարանի միակ «7500 Magazine» ամսագրի գլխավոր խմբագիրն էի:
Որպես «իԳործ»-ական՝ աշխատանքի եմ ընդունվել Էկոնոմիկայի նախարարությունում և աշխատում եմ ՀՀ զբոսաշրջության կոմիտեում: Ես պատասխանատու եմ գրաֆիկ դիզայնի նախագծերի և հոդվածների համար ռուսերեն և անգլերեն լեզուներով: