Արտակ Քիշմիրյան
Ես Արտակ Քիշմիրյանն եմ ՌԴ Պերմ քաղաքից:
Ավարտել եմ Պերմի պոլիտեխնիկական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան՝ նավթագազային բիզնեսի, մագիստրոսի աստիճան՝ արդյունաբերական անվտանգության ուղղություններով: Բացի դրանից՝ մասնագիտական վերապատրաստում եմ անցել «Պետական և քաղաքային կառավարման» ուղղությամբ։
Գործունեությունս մասնագիտությանս հետ չկապվեց: 2018 թվականից աշխատել եմ դպրոցում՝ որպես ուսուցիչ-կազմակերպիչ, այնուհետև հրավիրվել Պերմի երկրամասի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ որպես արտաքին տնտեսական գործունեության բաժնի նախագծերի ղեկավար։
Համայնքային գործունեությամբ սկսեցի զբաղվել այն ժամանակ, երբ մասնակցեցի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրին և «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դպրոց» դասընթացին: Վերջինը շրջադարձային եղավ ինձ համար. համայնք վերադառնալուց հետո նշանակվեցի Պերմի երկրամասի երիտասարդական հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնում աշխատում եմ մինչ օրս։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ նպատակ ունեմ զարգացնել կապերը մեր համայնքի և Հայրենիքի միջև, ինչպես նաև խթանել հայրենադարձության գաղափարը երիտասարդության շրջանում։