Նինել Զանի Ստեփանեանս
Նինել Զանի Ստեփանեանսը «իԳործ» ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լոս Անջելեսից (Կալիֆոռնիա): Նա ծնվել է Իրանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նինելն աշխատել է որպես մարդակենտրոն միջդիսցիպլինար հետազոտող՝ խրախուսելով հայ համայնքներում կայուն, տեղեկացված և մշակութահեն զարգացման նախաձեռնությունները:
Նինելն իր կրթությունը ստացել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) մարդաբանության և հոգեբանության ուղղությամբ: Նրա մասնագիտական և ակադեմիական նպատակն է եղել ուսումնասիրել Հայաստանում ճգնաժամերի հետևանքներին և արտակարգ իրավիճակներին ուղղվող հավաքական մարդասիրական արձագանքման արդյունավետությունը:
Նինելը հայ համայնքային և բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ աշխատանքի հարուստ փորձառություն ունի: Լինելով հետպատերազմյան Հայաստանում գործող հասարակական կազմակերպության ղեկավար՝ նա բախվել է որոշակի դժվարությունների հասարակական կազմակերպությունների, տեղի և սփյուռքյան համայնքների, պետական գերատեսչությունների միջև հարաբերություններում։
Ցանկանալով բարելավել ռեսուրսների արդյունավետ բաշխման համար անհրաժեշտ հաղորդակցությունը և ենթակառուցվածքները՝ Նինել Զանին միացել է ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմին և աշխատում է Հայաստանում մարդասիրական նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության, մոբիլիզացիայի և իրականացման ուղղությամբ:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։