Մերի Ասատրյան
Մերի Ասատրյանը միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետ է: Նա ծնվել է Հայաստանում, սակայն ապրել է Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն): Դպրոցը ավարտելուց հետո նա մեկնել է Եվրոպա ՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Ավարտելով Լյովենի կաթոլիկ համալսարանը (Լյովեն, Բելգիա), ստացել է «եվրոպական քաղաքականություն» ուղղությամբ մագիստրոսի գիտական աստիճան: Շարունակելով ուսումը Եվրոպայի Քոլեջում (Բրյուգե, Բելգիա)՝ գերազանցությամբ ավարտել է «ԵՄ միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:
Միջազգային կրթություն ստանալուն զուգահեռ, նաև աշխատանքային փորձ է ձեռք բերել մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ, Transparency International, USAID: 2021 թվականին հաջողությամբ ավարտել է 6-ամսյա փորձաշրջանը Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)՝ հայ ռազմագերիների ազատ արձակման և 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների միջազգային դատապարտման ուղղությամբ։ Մինչ «իԳործ» ծրագրին միանալը, Մերին աշխատել է Մոսկվայի Risk Advisory խորհրդատվական խմբի ներկայացուցչության՝ Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում քաղաքական և բիզնես կոռուպցիայի կորպորատիվ հետաքննության բաժնում։
Արցախի ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների առաջմղման և պաշտպանության գործում իր ներդրումն ունենալու վճռականությամբ Մերին հայրենադարձել է Արցախ և աշխատանքի է անցել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Ներկայումս աշխատում է Արցախում մարդու իրավունքների իրավիճակի փաստագրման, հետազոտման, ինչպես նաև այն մասին միջազգային հանրության իրազեկվածության բարձրացման ուղղությանբ:
Անդրանիկ Օզանյանը ասել է՝ «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: Սա է Մերիի կյանքի կարգախոսը։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպանի աշխատակազմ: