Արմինե Ջառահյան
Ես Արմինե Ջառահյանն եմ, ծնվել եմ Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո Երևանի պետական համալսարանում ուսանել եմ բանասիրություն, օտար լեզուներ և գրականություն։ Համալսարանական ուսմանս զուգահեռ` 4 տարի կամավոր հիմունքներով աշխատել եմ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում՝ որպես լրագրող և թղթակից։ Ես լուսանկարում էի Բաքվի ջարդերից փրկված փախստականների և հանրության համար Կարմիր խաչի կողմից կազմակերպվող միջոցառումները և դրանց հիման վրա՝ տեսանյութեր պատրաստում։
Երևանի պետական համալսարանում մագիստրոսի աստիճան ստանալուց հետո տեղափոխվեցի Լոս Անջելես և ժամանակավորապես սկսեցի զբաղվել արծաթյա զարդերի փոքր բիզնեսով, ապա բացեցի լուսանկարչական ստուդիա, որտեղ մարդիկ կարող էին լուսանկարվել հայկական ավանդական հագուստով։ Շատ հաճելի էր տեսնել ուրախությունն ու կայծը մարդկանց աչքերում, երբ նրանք այդ ավանդական հագուստով էին:
Այնուամենայնիվ, ես ուզում էի ավելին անել համայնքի համար և միացա Համազգային հայ կրթական և մշակութային միությանը, որը հայկական սփյուռքի մշակութային խոշոր կազմակերպությունն է աշխարհի տարբեր երկրներում:
Համազգայինի հետ սկսեցինք կազմակերպել «Տոհմիկ երեկո» մշակութային միջոցառումը՝ հայկական ուտելիքներով ու երաժշտությամբ, տարազի ցուցադրությամբ։ Հետո միացա Համազգայինի թատերախմբի կամավորներին և դարձա այդ ընտանիքի նվիրյալ անդամ։ Մենք հայկական դպրոցի աշակերտների և հանրության համար հայերենով ներկայացումներ ունենք, ինչը մեր համայնքում շատ հազվադեպ երևույթ է:
Սփյուռքում ապրելը եզակի փորձ է, քանի որ լիովին կտրված չես քո հայկական արմատներից և ամբողջովին ընկղմված չես օտար կյանքի մեջ: Եվ այնպիսի ծրագրեր, ինչպիսին «Սփյուռքի երիտասարդ դեսպանն» է, կօգնեն մեզ ավելի խորանալ այդ երկու տարբեր միջավայրերում: Հուսով եմ ստեղծել մի մթնոլորտ, որտեղ Սփյուռքի և Հայաստանի երիտասարդներն իրենց ավելի կապված կզգան, ավելի լավ կհասկանան միմյանց կյանքը և երկու կողմերից կստեղծեն հյուրընկալող նոր հնարավորություններ: Միգուցե դրանում է գեղեցկությունը` շարունակել լինել այնպիսին, ինչպիսին կաս, զարգանալ, սովորել նոր հմտություններ և ճանաչել սեփական անձը: