Ռոբերտ Մարգարյան
Ես Ռոբերտն եմ, ազգությամբ հայ, ապրում եմ Կանադայում՝ Էդմոնտոնում: Ծնվել եմ Երևանից դուրս մի փոքրիկ գյուղում և 5 տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվել Կանադա։
Մեծացել եմ՝ շրջապատված հայերով, ովքեր միացել էին մեր ճամփորդությանը դեպի Կանադա։ Զատկի, Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին հաճախ էինք ունենում համայնքային միջոցառումներ, պարբերաբար անցկացվում էին հայոց լեզվի դասեր: Միասին մենք նաև ստեղծեցինք հայկական ֆուտբոլի թիմ, որը համախմբեց հայերի երեք քաղաքներից, և անցկացվեց երեք սեզոն։ Այդ թիմն, այսպես ասած, մեր համայնքից մնացած վերջին կտորն էր։ Երբ այն դադարեց գործել, մեր համայնքը ևս ունեցավ նույն ճակատագիրը:
Մեր համայնքը նորից համախմբելու նպատակով՝ բակալավրիատի վերջին տարիներին նախաձեռնեցի Հայկական ժառանգության ուսումնասիրության ասոցիացիայի ստեղծումը: Կազմակերպությունը սկսեց ձևավորվել բժշկության ոլորտում իմ մագիստրոսական ծրագրի առաջին տարում՝ առաջին երիտասարդ ուսանողների համար իրականացնելով հայոց պատմության, մշակույթի և լեզվի դասեր։ Մեկ տարվա պիլոտային ծրագրից հետո դասընթացները դարձան հասանելի համայնքի մնացած անդամների համար։
Այսօր Հայկական ժառանգության ուսումնասիրության ասոցիացիան հայ երիտասարդների համար հանդիսանում է փոխգործակցության ֆորում, իսկ համայնքում՝ հայկական ինքնության ամրոց:
Հայկական ժառանգության ուսումնասիրության ասոցիացիան մենք կառուցում ենք՝ որպես գրանցված բարեգործական կազմակերպություն, որն ապագայում կդառնա մեր համայնքի պաշտոնական ներկայացուցիչը և գործունեություն կծավալի համայնքային միջոցառումների, ներառյալ՝ տոնակատարությունների և մշակութային նախաձեռնությունների կազմակերպման ուղղությամբ՝ տեղի հայերին միմյանց հանդիպելու հնարավորություն ընձեռելով։
Ես մասնակցում եմ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին, որպեսզի կարողանամ օգնել իմ համայնքին իրացնել իր ներուժը և կապել այն հայ ազգի հետ: