Մանուշակ Դանիելյան
Ես Մանուշակ Դանիելյանն եմ, ծնվել եմ Երևանում և մեծացել Վանաձորում: Ստացել եմ լեզվաբանության, միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության բակալավրի, այնուհետ մագիստրոսի կոչում: Հետագայում տեղափոխվել եմ Գերմանիա՝ ուսումս շարունակելու նպատակով: Այժմ մագիստրոսական կրթություն եմ ստանում Լանդսհութի կիրառական գիտությունների համալսարանի սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք ֆակուլտետի բազմազանության կառավարման (diversity management) բաժնում և աշխատում եմ սոցիալական արտակարգ իրավիճակների հետ, ինչպես նաև աջակցում եմ Լանդսհութի և Հայաստանի պետական համալսարանի սոցիոլոգիա և սոցիալական աշխատանքներ ֆակուլտետների միջև համագործակցության հաստատմանը:
2020 թվականից հանդիսանում եմ Բավարիայի հայ հայրենակցական միության վարչական անդամ՝ պատասխանատու լինելով արտաքին կապերի և ֆինանսների ուղղությամբ։ 2021 թվականից դասավանդում եմ հայոց լեզու Բավարիայի Հովհաննես Թումանյան դպրոցում և ներգրավված եմ դպրոցական ու համայնքային միջոցառումների կազմակերպման գործընթացներում։ Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո կազմակերպվել են բժշկական ու սոցիալական օգնություն Հայաստանի համար։ 2021-ին համահիմնադրել եմ հայ-գերմանական DAV Social կազմակերպությունը, որի գործունեության նպատակն է մարդասիրական, սոցիալ-կրթական ծրագրերի միջոցով աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը և կրթության հնարավորությունների ընդլայնմանը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ ծրագրեր՝ նպատակաուղղված պատերազմի մասնակից զինվորներին աջակցությանը և բնականոն կյանք վերաինտեգրմանը:
Իմ նպատակն է համախմբել Գերմանիայի հայ երիտասարդներին և համայնքներին, քանի որ հավատում եմ, որ ինչպես Չարենցն է ասել, մեր միասնությունր մեր հավաքական ուժի մեջ է: Միևնույն ժամանակ հավատացած եմ, որ ուժի գրավականն իր հերթին մեր միասնության, միմյանց և հայրենիքի հանդեպ հոգատարության և հայրենիքին նվիրվածության մեջ է։